News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված` «շքեղության հարկից» կառավարությունն ակնկալում է տարեկան մոտ 1 մլրդ դրամի եկամուտ ունենալ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` «մի քանի հազար» նման մեքենա կա հանրապետությունում:

Նշենք, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարանին է ներկայացրել «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությւոն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է 30 մլն. դրամ եւ ավելի մաքսային արժեք ունեցող, կամ մինչեւ 2 տարին հնության եւ 4000 սմ3 եւ ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենաների վրա կիրառել ակցիզային հարկ 20 տոկոսի չափով:

Նշենք, որ ըստ մաքսային վիճակագրության` Հայաստանը մինչ ճգնաժամը (2007-8 թ.թ.) տարեկան 30 հազ. դոլարից ավելի արժողությամբ 1800-2000 մեքենա էր ներմուծում: Ճգնաժամից հետո` 2009-10 թվականներին այդ թիվը նվազեց մինչեւ 1000-1100 մեքենա, իսկ այս տարվա 9 ամիսներին արդեն ներմուծվել է 1112 թանկարժեք մեքենա:

Ըստ դիտարկումների` ներմուծված թանկարժեք մեքենաների միայն 10 տոկոսից պակասն է, որ ունի 90 հազ. եւ ավելի դոլար արժողություն: Եթե ի մի բերենք վերջին 10 տարիներին ներմուծված թանկարժեք մեքենաների վիճակագրությունը, ապա Հայաստանում 1000-ից ավելի 90 հազ. դոլարից թանկ արժեցող մեքենա չի ներմուծվել, ու բնականաբար` դրանց զգալի մասն արդեն իսկ 2 տարուց ավելի հնություն ունի: 

Հարկ է նշել, որ հարկման ենթակա է ոչ թե շքեղ մեքենան ինքնին, այլ դրա ներմուծումը (այսինքն` հարկը կիրառվելու է միայն 1 անգամ, ոչ թե շարունակաբար): Այսպիսով` լավագույն դեպքում խոսք կարող է գնալ տարեկան 100-150 մեքենայի հարկման մասին, որը բյուջեին կբերի 2-3 մլն դոլարի եկամուտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ