News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հետխորհրդային շրջանում, Կառավարության որոշմամբ, մենք ստացել ենք սեփականության վկայական: Մի կողմից ասում են խախտումներ են եղել սեփականության վկայականի տրամադրման գործընթացում, մյուս կողմից Դատախազության աշխատակիցը հարցազրույցներից մեկում ասում է՝ կպետականացվի, կտանք Նկարիչների միությանը: Որքանով ես եմ տեղյակ, նման որոշումները այլ կառույցներ են  կայացնում, ոչ թե Դատախազությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին Նկարիչների միությունում կայացած ասուլիսի ժամանակ ասաց միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

«Այս շենքը, այս ցուցասրահները  1950-ական թվականներին կառուցվել են հենց Նկարիչների միության համար և մինչ օրս գործում է իր նշանակությանը համապատասխան: Մենք ժառանգություն ենք ստացել Մարտիրոս Սարյանից, Նկարիչների միության հիմնադիր  Արա Սարգսյանից, Գաբրիել Գյուրջյանից: Այդ ժառանգությունը իր ընկերների, թիմակիցների հետ  պահել, պահպանել է իմ պապը՝ Հայաստանի ժողովրդկան նկարիչ Սուրեն Սաֆարյանը»,-հավելեց նա:

Սուրեն Սաֆարյանի խոսքով, արագ որոշումների կայացման դեպքում, միությունները կարող են շատ մեծ խնդիրների առջև կանգնել և  այդ խնդիրներից խուսափելու համար, Նկարիչների միության գույքը պետք է մնա միությանը: 

«Մենք պաշտպանելու ենք մեր շահերը, և ամեն ինչ անելու են, որ գործընթացն ընթանա ի շահ Նկարիչների միության»,-ասաց նա, և հավելեց, որ մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Կինոյի տանը տեղի կունենա ՀՀ Նկարիչների միության արտահերթ համագումարը, որտեղ քննարկվելու են միությունների նկատմամբ իրականացվող գործընթացները:

Հիշեցնենք, որ Գլխավոր Դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության և Նկարիչների միության շենքերը: Երկու միություններն էլ ծանուցում են ստացել Դատախազությունից. Գլխավոր Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ պահանջում է անվավեր ճանաչել 2001թ․-ԻՆ Գրողների միությանը և   և 2003-ին Նկարիչների միությանը տրված  սեփականության իրավունքի պետական գրանցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ