Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում՝ սահմանը հատելու փորձի ժամանակ, նրա դեմ քրեական գործ է հարուցվել լրտեսության փաստով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության մամուլի ծառայությանը։
«Օպերատիվ որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Ուկրաինայի 36-ամյա քաղաքացին հավաքել և ինտերնետ մեսենջերի միջոցով Ուկրաինայի հատուկ ծառայություններին է փոխանցել հատուկ ռազմական գործողության գոտում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման մասին տեղեկատվությունը»,- ասվում է հաղորդման մեջ։
Նշվում է, որ ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 276-րդ «Լրտեսություն» հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում։
«Նախաքննության միջնորդությամբ այս անձի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,- հավելել են գերատեսչությունից։