News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրները մենք պատկերացնում ենք հասցեագրել խաղաղության գործընթացի շրջանակում: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում՝ շատ կարևոր է ընդգծել, որ հիմա խաղաղության գործընթացն ինքը միայն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը չէ, որն արվում է: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից, և մենք պետք է գնանք այդ  ճանապարհով»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, Փաշինյանն ասել է. «Այդտեղ ֆունդամենատալ խնդիր է առաջացել, որովհետև, ըստ էության, մենք նույնիսկ Ադրբեջանի հետ կարողացել ենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերել հետևյալի մասին, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմա վրա և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը  վերցվում է որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար: Ես ուզում եմ մենք արձանագրենք, ի՞նչ է սա նշանակում գործնականում:

1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը մեր քննարկվող հարցերի տեսակետից ունի երկու շատ կարևոր արձանագրում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և  դա պայմանավորվել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, այսինքն՝ բոլոր հանրապետությունները, բացառությամբ  մերձբալթյան երկրների, որոնք այդ պահին արդեն անկախացել էին, և նախկին խորհրդային հանրապետությունների միջև արձանագրված վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանի:

Այսինքն՝ մենք հիմա հստակ գիտենք Հայաստանի Հանրապետության  և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները որտեղով են անցնում և շատ կարևոր  է, որ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում ենք  որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք: Սա նաև  կարևոր բան է նշանակում, որ մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և Խորհրդային Միության սահմաններում ունեցել են դե յուրե իրավական հիմք:

Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ կապը շատ ուղղակի է, որ ահա՝ Ալմա-Աթայի հռչակագրով՝ վարչական սահմաններով արձանագրված սահմանները նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի է: Ի՞նչ է դա նշանակում,  որ եթե այդ սահմանը խախտվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգային  մեխանիզմը պետք է գործարկվի»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով, երբ Հայաստանի սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ.  սեպտեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ արձագանքի  մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն  պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն: «Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն  է հնչում, որ ՀԱՊԿ-ը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան, եթե  այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ,  ըստ էության, նրանք ասում են, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի Հայաստանում իրենք չենք կարող ցույց տալ:

Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, ՀԱՊԿ, ըստ էության, չկա, որովհետև դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաև, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Կներեք, ես գիտեմ, որ մեր գործընկերները նման մտադրություն չունեն, բայց եթե հանկարծ այդպիսի իրադրություն լինի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, օրինակ՝ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այդպիսի մտադրություն լինի, որ որևէ երկրի զորք մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք, չդելիմիտացված սահմաններ, ՀԱՊԿ-ը նշանակում է չպիտի՞ որևէ կերպ արձագանքի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ ՀԱՊԿ չկա որպես մեխանիզմ, որի վրա  անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:

Եվ մեր հարցը հետևյալն է, եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի  վրա չարժե հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ