News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հասել է խորհրդարանի երկու պալատների կողմից անօրինական ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրինագծի հաստատմանը: Օրինագիծը, որը Լորդերի պալատը օրվա ընթացքում մի քանի անգամ վերադարձրել էր Համայնքների պալատ՝ ուղղումներ պահանջելով, ընդունվեց միայն կեսգիշերից հետո:

Վարչապետ Ռիշի Սունակը պնդել է, որ օրինագծի քվեարկության մնացած բոլոր փուլերն ավարտվեն մինչև երեքշաբթի, նույնիսկ եթե հարկ լինի, որ պատգամավորները գիշերն անցկացնեն խորհրդարանի շենքում: Հունվարի 17-ին օրինագիծը երրորդ ընթերցմամբ հավանության էր արժանացել Համայնքների պալատի կողմից, սակայն Լորդերի պալատը երեք ամսից ավելի փոփոխություններ է պահանջել, որոնք Ռուանդա ուղարկվող անօրինական ներգաղթյալների իրավունքների հարգման լրացուցիչ երաշխիքներ կտան: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը մոտ օրերս պետք է հաստատի Չարլզ III թագավորը։ Սունակն ասել է, որ իր կաբինետը ակնկալում է, որ անօրինական ներգաղթյալներով առաջին ինքնաթիռը Մեծ Բրիտանիայից Աֆրիկա կթռչի 10-12 շաբաթվա ընթացքում:

Ռուանդա անօրինական ներգաղթյալներին ուղարկելու ծրագիրը ներկայացվել է գրեթե երկու տարի առաջ Բորիս Ջոնսոնի կաբինետի կողմից։ Մինչև այժմ այն ​​չի իրականացվել բրիտանական դատարանների դիրքորոշման պատճառով, որոնց կարծիքով, Ռուանդա արտաքսվող ներգաղթյալներին կարող են արտաքսել իրենց հայրենիք, որտեղ նրանց կյանքն ու առողջությունը կարող է վտանգված լինել։ Դրան դեմ է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Այս խոչընդոտը շրջանցելու համար Սունակի կառավարությունը Ռուանդայի հետ ստորագրեց նոր համաձայնագիր, որը կոչված էր բացառելու այդ հնարավորությունը, ինչպես նաև նոր օրինագիծ ներկայացրեց: Այն Ռուանդան հռչակում է անվտանգ երկիր, ինչպես նաև ներառում է միջոցառումներ, որոնք  սահմանափակում են այս հարցը դատարանում վիճարկելու վտարվածների հնարավորությունը: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից արտաքսված անօրինական ներգաղթյալները կկարողանան ապաստան խնդրել Ռուանդայում կամ այլ «անվտանգ երրորդ երկրներում», և հիմնականում չեն կարողանա վերադառնալ Մեծ Բրիտանիա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ