Երեկվա բոլոր բանախոսների կողմից ակնհայտորեն համակարգված ջանք էր գործադրվում բազմիցս անդրադառնալու, այսպես կոչված, էթնիկ զտման ծրագրին, որը, իրենց պնդմամբ, շարունակվում է նույնիսկ այսօր՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ավարտից 30 տարի անց: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ասաց Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը, որը ներկայացրեց Հայաստանի նախնական առարկությունները դատարանի ժամկետային իրավազորության խնդրի մասին:
«Պրոֆեսորը երեկ ասաց, որ Հայաստանի կողմից էթնիկ զտման ծրագիրը, որ երեք տասնամյակ է շարունակվել, չի կարող համարվել ավարտված՝ նախքան 1996 թվականի սեպտեմբերը: Նույնը պնդեցին նրա գործընկերները, անգամ հակահետևակային ականների և շրջակա միջավայրի հարցերը նրանք ներկայացրեցին, որպես, այսպես կոչված, արշավի բաղադրիչներ: Այդ համակարգված գործընթացի նպատակն էր տպավորություն առաջացնել, թե այս գործով էական ամսաթվի խնդիրը կարևոր չէ, քանի որ այն տեղի է ունեցել ավելի քան երեք տասնամյակ առաջ, և համակցված ներկայացվում է այսօրվա իրադարձությունների հետ մեկ փաթեթով՝ ամբողջ ժամանակահատվածը ներկայացնելով որպես մեկ ժամանակահատված»,-ասաց փաստաբանը:
Նրանք խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները: Նա նշեց, որ ներկայում էական հանգամանք այն է, որ նույնիսկ Ադրբեջանի ներկայացրած փաստական պնդումների համաձայն, ցանկացած ենթադրյալ էթնիկ զտում ավարտված է եղել 1994 թվականի դրությամբ՝ նախքան 1996 թվականի սեպտեմբերը, որն այդ գործով վճռորոշ ամսաթիվ է:
Փաստաբանի խոսքով, երկուշաբթի Ադրբեջանը չներկայացրեց էթնիկ զտում հասկացության սահմանումը, իսկ Երեկ պրոֆեսորներից մեկն ասաց, որ էթնիկ զտումը դիտավորյալ քաղաքականություն է, որի միջոցով էթնիկ կամ կրոնական մեկ խումբը նպատակ ունի բռնությամբ և ահաբեկող միջոցներով մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի քաղաքացիական բնակչությունը հեռացնել որոշակի աշխարհագրական տարածքից:
«ՄԱԿ-ի հանձնաժողովի երկու սահմանումների համաձայն՝ եթե տարածքի քաղաքացիական բնակչությունը հեռացվել է, բոլորը գնացել են, էթնիկ զտումը համարվում է այդ պահին ավարտված: Դրանից հետո կարող են հետևանքները շարունակվել, սակայն գործողությունը դրանով համարվում է ավարտված:
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք իրականում վերաբերում են հետագայում տեղի ունեցած առանձին միջադեպերի, և այսպես կոչված էթէնիկ զտման մաս չեն»,- ասաց նա: