News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի «Սուրբ Ատսվածամայր» հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը կարճվել է: Որոշումը կայացվել է Քր.դատ.օր.-ի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` հանցակազմի բացակայություն: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ խոսքը վերաբերում է սկանդալային միջադեպի մասին, երբ հիվանդանոցում «շփոթել» էին երկու երեխաներին, եւ քիչ էր մնում առողջին վիրահատեին հիվանդի փոխարեն: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Քր.օր.-ի 130 հոդվածի (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 3-ին բժշկական կենտրոնի բուժանձնակազմի անփութության պատճառով վիրահատության էր ենթարկվել պլանային հետազոտության եկած 5-ամյա Նարեկ Դանիելյանը։ 2008թ.-ին Նարեկը թոքերի ծանր վիրահատություն էր տարել, եւ ծնողները նրան պարբերաբար բերել են կենտրոն՝ ռենտգենյան ճառագայթներով նկարահանման եւ հետազոտության։ Իրականում վիրահատության պետք է ենթարկվեր 7-ամյա Գեւորգ Մովսիսյանը։ Ըստ բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանի՝ թյուրիմացությունն առաջացել է բժիշկների պրակտիկայում կիրառվող մեթոդի պատճառով։ «Երեխային հոգեբանական տրավմայից հեռու պահելու (չվախեցնելու խմբ.) համար մանկաբուժությունում ընդունված է վիրահատության մասին նրան չտեղեկացնել, այլ ասել, որ տանում են ռենտգենի։ Այս անգամ բուժքույրը հարցրել է՝ ո՞վ է սպասում ռենտգենի, Նարեկի ծնողները պատասխանել են՝ մենք»,- ասել է Դալլաքյանը։ Ըստ նրա՝ Նարեկի ծնողները շատ լավ իմացել են ռենտգենի կաբիօնետի տեղը, սակայն երեխային, բուժքրոջ ուղեկցությամբ, ճանապարհել են մինչեւ վիրահատարան։ Որոշ ժամանակ անց, երեխայի ծնողները՝ հասկանալով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, աղմուկ են բարձրացրել։ Մինչեւ այդ բժիշկները հասցրել են 3 սանտիմետրանոց կտրվածք կատարել երեխայի մարմնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ