Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար, Politico-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Հայաստանի աշխարհագրությամբ է պայմանավորված, որ նա պատմականորեն և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն երևակայողները կարող են մտածել, որ Հայաստանը ինքնասպանության քայլի կգնա՝ փորձելով խարխլել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում»,- ասել է Տիգրան Բալայանը։
Ըստ նրա, ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա։
«Ներկայումս մեր ազգային շահերը պահանջում են, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և դրա անդամ բոլոր երկրների հետ»,- նշել է Տիգրան Բալայանը։
«Սա չի բացառում լավ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուսաստանցի գործընկերներին»,- հավելել է նա։
Հայաստանն այժմ դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հրավիրել է ամերիկյան զորքերին երկրում համատեղ զորավարժություններ անցկացնելու և կախված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից՝ Ադրբեջանի հետ իր լարված սահմանի երկայնքով բախումները կանխելու համար: Հանրապետությունը նաև ակտիվացրել է ջանքերը՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները խախտելուց խուսափելու համար՝ աշխատելով կանխել զգայուն ապրանքների արտահանումը, նշում է լրատվամիջոցը։
Ըստ Բալայանի, դա չպետք է դիտարկել որպես «շրջադարձ դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի հաշվին»։
«Երբ մենք քննարկում ենք այդ հարցերը ռուսաստանցի դիվանագետների հետ, և ես պատմում եմ նրանց, թե ինչ ենք անում, ես երբեք ոչ մի հակափաստարկ չեմ ստանում, թե ինչու չպետք է դա անենք, թե ինչպես Հայաստանի տնտեսության մեջ եվրոպական և ամերիկյան ներդրումները պետք է վնասեն Ռուսաստանի շահերին»,- ասել է նա։