Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցը կառավարության շենքի մոտից հաղորդում է, որ գյուղացիները վրդովված են, ոստիկանները լրագրողներին չեն թողնում, որ առաջանան եւ հարցեր տան կիրանցիներին:
Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը նոր ոչինչ չի ասել, ամեն ինչ արդեն որոշված է, և գործողությունները ընթանալու են ըստ նախնական որոշման:
Գյուղացիներից մեկն էլ ասաց, որ հանդիպման ժամանակ արված իրենց առաջարկները հաշվի չեն առնվել: Հանդիպումն այնքան լարված մթնոլորտում է անցել, որ կիրանցիներից մեկն ասել է, որ պատրաստ է այրել տունը և լքել գյուղը:
Մի խումբ քաղաքացիներ էլ այս պահին բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ վանկարկելով «Կիրանց, հեռացնենք Նիկոլին»:
Նշենք, որ ավելի վաղ կառավարության շենք էր եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որը նույնպես չպատասխանեց լրագրողների հարցին, ավելի վաղ կառավարություն էր եկել Տավուշի մարզպետը: