News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Փոքրիկ Հայաստանը համաշխարհային ընդգրկման խոշոր շախմատային խաղացող է եւ նոր գամբիտը` շախմատի պարտադիր ուսումը դպրոցում, կարող է էլ ավելի խոշորացնել այդ խաղացողին: Այդ մասին գրում է բրիտանական «The Guardian»-ը:

Նախկին խորհրդային հանրապետությունը խաղը տարրական դասարանների 7-ից 9-ը տարեկան երեխաների համար դարձրել է ուսումնական ծրագրի պարտադիր մաս:

Թուրքիայի եւ Իրանի անկյունում գտնվող 3 միլիոն բնակչությամբ այդ երկրի համար շախմատը ազգային համակվածություն է: Այդ կրքի հիմքում 1963-ին աշխարհի չեմպիոն դարձած եւ երեք տարի անց տիտղոսը պաշտպանած Տիգրան Պետրոսյանի սխրանքներն են:

Հուլիսին ազգային հավաքականը վեց շախմատիստներով Չինաստանի Նինբո քաղաքում նվաճեց աշխարհի թիմային առաջնության հաղթողի տիտղոսը: Նրանց հայրենիքում դիմավորեցին հերոսավայել եւ պարգեւատրեցին 20 հազար դոլարով: Այդ թիմի կազմում է նաեւ 28-ամյա Լեւոն Արոնյանը, որը Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում երրորդն է:

Հայաստանի իշխանություններն ասում են, որ դպրոցում շախմատ դասավանդելու նպատակը բնավորություն ձեւավորելն է, ոչ թե` չեմպիոն պատրաստելը:

Կրթության նախարարը հայտարարեց, որ խաղն աշակերտներին կսովորեցնի լինել պատասխանատու եւ կազմակերպված: Այս փորձը կարող է օրինակելի լինել աշխարհի համար:

«Մենք հույս ունենք, որ կրթության հայկական մոդելը կարող է դառնալ լավագույններից մեկն աշխարհում», - նշեց Արմեն Աշոտյանը:

Շախմատի ազգային ակադեմիային հատկացվել է կես միլիոն դոլար ուսումնական ծրագրի մշակման, դասագրքի ստեղծման, սարքավորումներ գնելու եւ ուսուցիչներ պատրաստելու համար: Եւս մեկ միլիոն դոլար հատկացվել է շախմատային դասարանների կահույքի եւ գույքի համար:

Միակ բանը, որ ցանկանում է ուսումնական ծրագրից ստանալ ութամյա Դավիթ Հայրապետյանը արժանի մրցակիցն է: Շախմատային վարպետն իր հարեւան թոշակառուներին եւ երեխաներին թույլ է համարում: Միայն համադասարանցի Արեն Սեդրակյանը կարող է իրեն դրսեւորել որպես լավ խաղացող:

Դավիթի հայր Արմանն ասում է, որ շախմատը լավ է երեխայի համար, անկախ ապագայից:

«Նույնիսկ, եթե նա չդառնա գրոսմայստեր` շախմատը կսովորեցնի նրան տրամաբանել եւ ստեղծագործել, իսկ դրանք անհրաժեշտ որակներ են կյանքում», - ասում է նա:

Շախմատի ամերիկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Վենդի Ֆիշերը արշավ է սկսել ամերիկյան դպրոցներում եւս շախմատն ուսումնական առարկա դարձնելու ուղղությամբ: Նրա կարծիքով, Հայաստանի փորձը մեծ ներուժ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ