News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակ Մայք Հենքոքն ուղղակի ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից եւ այդ երկրի քարոզչությունն է իրականացնում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Ժոզեֆին Գոլդի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը: Կողմերը զրուցել են այն խնդիրների մասին, որոնք այսօր խոչընդոտում են Հայաստանի եվրաինտեգրման առավել արդյունավետ իրականացմանը:

Այնուհետեւ հյուրերի խնդրանքով տիկին Զոհրաբյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի քանի խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաեւ լրամշակված Ընտրական Օրենսգրքին: Հանձնաժողովի նախագահը կրկին կարեւորեց միջազգային դիտորդական առաքելությունների  ակտիվ եւ անաչառ ներկայությունը առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում:

Տիկին Զոհրաբյանը, անդրադառնալով Հայաստան-Մեծ Բրիտանիա քաղաքական հարաբերություններին, նշել է, որ, ցավոք սրտի, այդ հարաբերություններում լրջագույն գործոն է «British petrolium»-ը եւ նշել` ինքը հասկանում է, որ Ադրբեջանի արտաքին ներդրումների 50 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիային, սակայն հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը տարածաշրջանում կլինի հավասարակշռված:

Այնուհետեւ տիկին Զոհրաբյանը ներկայացրել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունների հարաբերությունները` նշելով, որ ցավոք սրտի այդ համագործակցությունն արդյունավետ չէ եւ հյուրին տրամադրել «Գարդիան» հայտնի պարբերականում վերջերս տպագրված եւ մեծ աղմուկ հանած հոդվածը, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Մարկ Ֆիլդը մեծ գումարների դիմաց հստակ լոբբիստական գործունեություն իրականացրել Ադրբեջանի օգտին:

Տիկին Զոհրաբյանը նշել է, որ ցավոք սրտի դա եզակի դեպք չէ եւ մատնանշեց ԵԽԽՎ-ում առկա նման դեպքերը` մասնավորապես նշելով Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ Մայք Հենքոքին: Հանձնաժողովի նախագահն ասել է, թե ամենայն պատասխանատվությամբ կարող է հայտարարել, որ այդ պատգամավորը եւս ուղղակիորեն ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից եւ Ադրբեջանի բացահայտ քարոզչությունն է տանում Եվրոպայի խորհրդում: Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ղեկավարությունն ու քաղաքական ուժերը  այսուհետ շատ ավելի հետեւողական կլինեն նման դեպքերը բացահայտելու եւ դրանց  կրկնությունը թույլ չտալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ