News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Իրանը Հնդկաստանը դիտարկում է որպես հուսալի գործընկեր և ռազմավարական հարաբերություններ է պահպանում պետության հետ՝ հիմնված երկարաժամկետ համագործակցության վրա: Ըստ Tasnim գործակալության՝ դրա մասին Թեհրանում Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա հավելել է, որ Հնդկաստանի հետ փոխգործակցության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում: Հնդիկ նախարարն այցելել է Իրան՝ Իրանի հարավ-արևելյան նավահանգստային Չաբահար քաղաքի զարգացման ուղենշային համաձայնագիրը ստորագրելու համար:

«Պատրաստ ենք երկկողմ և բազմակողմ հիմունքներով զարգացնել համագործակցությունը Հնդկաստանի հետ, ինչպես նաև BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում»,- հավելել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նա նշել է, որ Իրանը Հնդկաստանին դիտարկում է որպես վստահելի գործընկեր, որի հետ ձգտում է երկարաժամկետ համագործակցել։ Արտգործնախարարը նաև նշել է Չաբահարի նավահանգստի զարգացման համաձայնագիրը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքում ավելի սերտ համագործակցությունը՝ որպես առևտրային կապերի ընդլայնման հիանալի հնարավորություններ։

Հնդիկ նախարարն իր հերթին նշել է, որ Չաբահարի շահագործման և սարքավորման պայմանագրի կնքումը երկու երկրների հարաբերություններում և նրանց տարածաշրջանային կապերում պատմական պահ է նշանավորել։ Ըստ Սոնովալի՝ ակնկալվում է, որ համաձայնագիրը կխթանի Հնդկաստանի և Իրանի միջև առևտուրը, կամրապնդի նրանց համագործակցությունը և հնարավորություն կտա Հնդկաստանին ավելի ակտիվ դեր խաղալ համաշխարհային մատակարարման շղթայում և ծովային ոլորտում: Նա հավելել է, որ համաձայնագիրը՝ ի շահ Հնդկաստանի, Իրանի, Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների կհանգեցնի նաև այլընտրանքային առևտրային միջանցքի ստեղծմանը։

Թեհրանում երկուշաբթի ստորագրված 10-ամյա համաձայնագրով Իրանն ու Հնդկաստանը պայմանավորվել են համագործակցել India Ports Global Ltd-ի հետ Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի բեռների և կոնտեյներային տերմինալների սարքավորումների և շահագործման վերաբերյալ: Հնդկաստանը պարտավորվել է 120 միլիոն դոլար ներդնել նավահանգստի ռազմավարական սարքավորումների համար և 250 միլիոն դոլար՝ Չաբահարի տրանսպորտային ենթակառուցվածքներում:

Հնդկաստանը 2016 թվականին համաձայնել է ֆինանսավորել իրանական նավահանգստի զարգացումը, սակայն երկու տարի անց գործընթացը կանգ է առել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են Վաշինգտոնի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀԾ) միակողմանի դուրս գալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ