News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսից ընթացքի ժամանակ վայր ընկած ուղեւորների մասին, որոնցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Վանաձորից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում, նոյեմբերի 28-ի առավոտյան, Լեռնավանից Վանաձոր եկող ՊԱԶ-3205 մակնիշի 0557 Լ համարանիշի մարդատար ավտոբուսի առջեւի մասի դուռը քաշող վակուումի ռետինե խողովակը պայթել է, դուռը բացվել ու ավելի մոտ կանգնած ուղեւորներից երկուսը` 44-ամյա Անդրանիկ Ուռուզյանը եւ 30-ամյա Նաիրա Մարգարյանը, ընթացքի ժամանակ ընկել են ավտոբուսից:

44-ամյա տղամարդն անմիջապես կորցրել է գիտակցությունը եւ գանգուղեղային ծանր տրավմա, գանգի հիմքի ու ոսկորների կոտրվածք, գլխուղեղային սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Սպիտակի կենտրոնական հիվանդանոց: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ, Անդրանիկ Ուռուզյանը տեղափոխվել է անգիտակից վիճակում եւ այդպես էլ գիտակցության չգալով, հենց հիվանդանոցում մահացել է:

Ավտոբուսի մյուս ուղեւորը` Նաիրա Մարգարյանը եւս տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոցային համալիր: Ասում է, որ չի հիշում ոչինչ ու աչքերը բացել է միայն այն ժամանակ, երբ իրեն բարձրացրել են գետնից: Բժիշկները 30-ամյա կնոջ մոտ ախտորոշել են գանգուղեղի ցնցում, սալջարդ: Այժմ նա ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում ու գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն: 

ՊԱԶ-3205 մակնիշի ավտոբուսի վարորդը` Արտավազդ Ստեփանյանը, ներկայացել է Սպիտակի քննչական բաժանմունք եւ ստորագրությամբ բաց է թողնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ