News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանում, դեկտեմբերի 2-3-ին տեղի ունենալիք «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի կազմակերպիչները վստահ են, որ շոուն կանցնի ամենաբարձր մակարդակով:

Այսօր` դեկտեմբերի 1-ին կայացած ասուլիսում, երգչուհի Սիրուշոն նշեց, որ «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի ժամանակ ներկայացնելու է իր եվրատեսիլյան «Քելե-քելե» երգը, որը սակայն տարբեր կլինի ավանդական տարբերակից: Սիրուշոյի խոսքով, «Քելե-քելե» երգի բեմականացումը հայկական բերդ պարի ու ժամանակակից պարերի էլեմենտներ է պարունակելու:

Ելույթով հանդես կգա նաեւ «Մանկական եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը:

«Ես միշտ ցանկացել եմ, որ իմ ելույթներից որեւէ մեկի ժամանակ ցուցադրվի մեր ազգային բերդ պարը: Սա լավ առիթ է, քանի որ ողջ Եվրոպան է դիտելու, ու կտեսնի այդ պարը, որով ես հիանում եմ»,- ասաց երգչուհին ու հավելեց. «Շատ ուրախ եմ, որ հեղինակավոր շոուն իմ երկրում է անցկացվում։ Չեմ կասկածում , որ ամեն ինչ եվրոպական ստանդարտներին համապատասխան կլինի, սակայն եթե ինչ որ բան էլ այնպես չլինի, եկեք չկենտրոնանանք ու չքննադատենք, այլ այս անգամ ուղղակի ուրախանանք»:

Անդրադառնալով մրցույթի մասնակիցներին, երգչուհին ասաց. «Բոլոր երեխաներն էլ շատ լավն են, եւ բոլորիս հիանալի շոու է սպասվում»: Նա նշեց, որ միշտ ցանկություն ունեցել է, որ մի օր մրցույթն անցկացվի Հայաստանում: «Եվրատեսիլն ամեն երկրում յուրովի է անցկացվում ու կարծում եմ՝ մեր ունեցած ջերմությունը, հյուրընկալությունը եւ բոլորի ուրախությունը կիսելու պատրաստակամությունը տարբերում է այս տարվա Եվրատեսիլը մյուսներից: Համոզված եմ, որ հայ հանդիսատեսը առանձնակիորեն ակտիվ կլինի եւ բոլոր մասնակիցներին անխտիր ցույց կտա իր աջակցությունը: Մենք հիանալի տեխնիկա, լուսավորություն ունենք եւ համոզվածությամբ կարելի է ասել, որ Հայաստանի նման փոքր պետության համար սա մեծ գործ է»,- ասաց երգչուհին:

Հարցին, թե չի ցանկանում նորից մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին, Սիրուշոն արձագանքեց, որ դեռ նման մտադրություն չունի, միաժամանակ նշելով, որ հնարավոր է մրցույթին մասնակցի որպես երգահան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ