News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արաբկիր վարչական շրջանում, այսօր` դեկտեմբերի 3-ի առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում, Շիրվանզադե փողոցի թիվ 2 շենքում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի վրա դանակի սպառնալիքով հարձակում է կատարվել. անհայտ անձը կողոպտել է 27, 117 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ` Արթուր Մեհրաբյանը:

«Տուժողներ չկան: Ընդամենը մի հոգի մտել է ներս, գլխարկը  գլխին, դեմքը հագուստով փակած եւ ինկասացիայի բերած գումարը, որը դեռ չեն էլ հասցրել բացել` դանակի սպառնալիքով վերցրել ու դուրս է եկել»,- մանրամասնեց Արթուր Մեհրաբյանը եւ ավելացրեց, որ վերջինս դիմել է փախուստի:

Հարցին, թե այս ավազակային հարձակումը որքանո՞վ է շաղկապված 3 օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Հայփոստ»  բաժանմունքի նմանատիպ կողոպուտի հետ, նա պատասխանեց. «Դեռ չեմ կարող ասել: Իրենց հետ էլ ենք աշխատելու, որ տեսնենք նույն է, թե` ոչ»:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (կողոպուտ` խոշոր չափերով):

Ոստիկանությունը «Հայփոստի» նշված բաժանմունքից առգրավել է բաժանմունքում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս նոյեմբերի 30-ին, ժամը 18:35-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածում`Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 մասնաճյուղ դիմակավորված անհայտ անձ է մուտք գործել եւ բացահայտ հափշտակելով 1 մլն 354 հազար դրամ՝ դիմել է փախուստի:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ «Հայփոստի» բաժանմունքն ապահովված չի եղել անվտանգության համապատասխան միջոցներով, ձայնաազդանշանային համակարգերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կողոպուտ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ