News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանում, դեկտեմբերի 9-10-ին, տեղի կունենա «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսը։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Հիքսոս» հիմնադրամը եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը։

Գիտաժողովում հատուկ ուշադրություն է դարձվելու Հայության կրոնադավանական հատվածների ազգային ինքնության պահպանման եւ միջդավանական համերաշխության, համագործակցության մթնոլորտի ապահովման միջոցներին։ Թեմատիկայի առումով սա առաջին փորձն է՝ լուսաբանելու ոլորտի խնդիրները։

Պատմական հանգամանքների բերումով 19-րդ դարի կեսերից Հայ Առաքելական եկեղեցու կողքին ստեղծվեցին Հայ Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիները։ Հետագայում՝ Ցեղասպանության տարիներին, հայերը զանգվածաբար ենթարկվեցին բռնի իսլամացման։ Արդյունքում՝ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների կողքին ներկայումս Հայության մաս են կազմում նաեւ կաթողիկե, ավետարանական եւ իսլամացված հայերը։

Մոտավոր գնահատականներով՝ Հայության կրոնադավանական հատվածների թվաքանակը ողջ աշխարհում ունի հետեւյալ պատկերը.

• Կաթողիկե հայեր՝ մոտ 500 հազ. (Հայաստան, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արեւելք)

• Ավետարանական հայեր՝ 180 հազ. (Հայաստան, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արեւելք)

• Իսլամացված հայեր՝ տարբեր տվյալներով մինչեւ 1.5 մլն (Թուրքիա, արաբական երկրներ, Ռուսաստան, Եվրոպա):

Հայ Առաքելական, Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիների միջեւ քաղաքական, սոցիալական, մշակութային եւ այլ ոլորտներում պատմականորեն ձեւավորվել է համագործակցության որոշակի փորձ, որն առավել ակնառու դրսեւորում է ստացել Սփյուռքում։ Ուշագրավ են, օրինակ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար համատեղ պայքարը, սոցիալական կառույցների համատեղ հիմնումը եւ տնօրինումը, քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված համատեղ միջոցառումները եւ այլն։ Միեւնույն ժամանակ, կան նաեւ որոշ խնդիրներ։

Զեկուցումներով հանդես կգան Հայաստանից՝ Գ.Հարությունյանը, Վ.Ասցատրյանը, Ռ.Մելքոնյանը, Ա.Սիմավորյանը, Հ.Հովհաննիսյանը, Ս.Վարդանյանը, Սփյուռքից՝ Մ.Դաբաղը (Գերմանիա), Վ.Թաշճյանը (Լիբանան), Հ.Չոլաքյանը (Սիրիա), Հ.Մոսկոֆյանը (Լիբանան), եւ այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ