News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Որքան քիչ լինեն կանայք քաղաքականության մեջ, այնքան լավ քաղաքականության համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին,մամուլի ասուլիսում հայտարարել է սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղեւոնդյանը, մեկնաբանելով «Տղմարդկանց եւ կանանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների պետական երաշխիքների մասին» օրինագիծը:

Նրա խոսքով, կնոջը հարիր չէ զբաղվել քաղաքականությամբ, եթե նրան տրված է օջախի պահապանի դերը:

«Քրիստոնեությունը կնոջն ու տղամարդուն հավասար է համարում, սակայն Աստված բաժանել է նրանց դերերը: «Տեր» եւ «հնազանդ» ձեւակերպումները բացարձակապես կնոջն ստորացնելու նպատակ չեն հետապնդում: «Տեր» ձեւակերպումն օգտագործվում է հոգածության եւ սիրո դրսեւորման, իսկ «հնազանդ»-ը` սիրո տեսանկյունից: «Տեր» եւ «հնազանդ» ձեւակերպումները գենդերային անհավասարության արտահայտություն չեն, այլ կրում են միմյանց նկատմամբ սիրո եւ հոգածության գաղափարը»,- վստահեցրել է Ղեւոնդյանը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր, օրինագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանի խոսքով, փաստաթղթի նպատակն այն է, որ քաղաքական կուսակցություններում, գործադիր եւ օրենսդիր մարմինների ավելացվի կանանց թիվը: Նրա խոսքով, գործող օրենսդրությունը չի ապահովում հավասար պայմաններ քաղաքական եւ հասարակական կյանքում կանանց մասնակցության համար: «Այս օրինագիծն ուղղված է հավասար հնարավորությունների ստեղծմանը եւ ոչ մի կերպ չի կարգավորում կնոջ ու տղամարդու հարաբերություններն ընտանիքում: Այսինքն ընտանիքում պետք է շարունակվի ավանդական «տեր» եւ «հնազանդ» սահմանումը: Փաստաթուղթը փոփոխություններ է նախատեսում է նաեւ տասնյակ այլ օրենքներում»,-ասել է Մարգարյանը:

Քահանայի եւ պատգամավորի կարծիքները համընկել են մի հարցում. մեր օրերում դժվար է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց համար, հատկապես աշխատանքի տեղավորման հարցում:

«Եթե կանանց արտաքին տվյալները համապատասխանում են գեղեցկության ընդունված 60-90-60 նորմերին, ապա նա հեշտությամբ աշխատանք կգտնի: Իսկ ահա 40-ն անց տղամարդու համար դժվար է մրցակցել այդ պայմաններում»ասել է Մարգարյանը:

Պատգամավորի այս միտքը լրացրել է քահանան, նշելով, որ ներկայումս զբաղվածության ոլորտում խախտված են տղամարդկանց իրավունքները, որոնք շատ հաճախ հայտնվում են ճնշված վիճակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ