News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 13-ին, հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչ այժմ մեծ սիրով է հիշում Իտալիայի միավորման 150-ամյակի առթիվ իր այցը բարեկամ Իտալիա եւ մասնակցությունը տոնական միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը կարեւոր է համարել, որ հայ գրատպության 500-ամյակի մեկնարկը՝ Վենետիկի ցուցահանդեսը, անցկացվում է Նախագահ Նապոլիտանոյի բարձր հովանու ներքո: Այս կապակցությամբ Իտալիայի նախագահն ասել է, որ Վենետիկը հայերի համար մեծ դերակատարություն է ունեցել՝ հատկապես կրթության, մշակույթի զարգացման առումով կարեւոր հենման կետ դառնալով: Ըստ Իտալիայի նախագահի, երկու ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն: Հանդիպման ժամանակ երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանի նախագահի աշխատանքային այցը լավ հնարավորություն է բարձր մակարդակով քննարկելու հայ-իտալական հարաբերությունները, ուրվագծելու համագործակցության նոր եւ հեռանկարային ոլորտներ: Հայաստանի եւ Իտալիայի նախագահներն այդպիսի ոլորտներ են համարել էներգետիկան, մասնավորապես՝ այլընտրանքային, նաեւ ատոմային էներգետիկան: Նախագահ Սերժ Սարգսյանը իտալական ընկերություններին եւս հրավիրել է մասնակցելու Հայաստանում իրականացվող ծրագրերին, այդ թվում նոր ԱԷԿ-ի կառուցմանը՝ նկատի առնելով այս բնագավառում Իտալիայի փորձը:

Երկու երկրների ղեկավարները տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարեւորել են գործարարների հաճախակի շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, որի շուրջ Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարներն այսօր առավոտյան ունեցած հանդիպման ժամանակ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Նախագահ Նապոլիտանոն հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումների ներգրավման, երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության զարգացման համար:   

Սերժ Սարգսյանը եւ Ջորջիո Նապոլիտանոն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Քիչ հետո տեղի է ունենալու Նախագահի հանդիպումը Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ, որից հետո Հանրապետության ղեկավարը Բրասկի թանգարանում ներկա կգտնվի Հռոմում հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությանը, ինչպես նաեւ կայցելի «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդեսը:

Ավելի ուշ նախատեսվում է  Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ: Նախագահը օրվա ավարտին հանդիպում կունենա նաեւ Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ