News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներն այնքան են տարվել իրենց առաքելությամբ, որ հակամարտությունն ինքնին մնացել է մի կողմում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց հայտնի ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Աշիզադեն:  

Երկու տարի առաջ դուք ասում էիք, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո  բանակցային գործընթացում հնարավոր է որակական փոփոխություն: Կազանի հանդիպումից առաջ դուք ունեի՞ք նմանատիպ սպասելիքներ:

Ոչ միայն ես, բայց նաեւ այլ փորձագետներ, հասկանալով ստատուս-քվոյի պահպանման հակաարդյունավետությունն ու վտանգը, որոշակի նախաձեռնություններ էինք ակնկալում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունից եւ Ռուսաստանից կախյալ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներից: Իրավիճակը Ռուսաստանից պահանջում է որոշակի առաջարկներ, որոնք կարող են փոխել եթե ոչ հակամարտության էությունը, ապա գոնե դրա կոնֆիգուրացիան:

Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի ճակատագրի կերտողների կամքի եւ ինտելեկտի ներուժը համաչափ չէ Ռուսաստանի առջեւ ծառացած խնդիրների բարդությանն ու հրատապությանը: Այդպես էր խորհրդային ժամանակներում, այդպես է նաեւ հիմա:

Կազանից առաջ ես նոր ոչինչ չէի ակնկալում, որովհետեւ դրական փոփոխությունների ակնկալիքի համար անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ: Այդպիսի նախադրյալներ չկային:

Գոյություն ունի ինչ-որ «Ղարաբաղյան հակամարտություն» ՍՊԸ առեւտրային նախագիծ, որն ունի մաժորիտար եւ մինորիտար բաժնետերեր: Նրանք օգուտ են ստանում այդ «ՍՊԸ»-ից: Ադրբեջանական եւ հայ ժողովուրդն այդ մաժորիտար բաժնետերերի մեջ չեն: Իսկ «ՍՊԸ»-ից ամենամեծ օգուտ ստացողները չգիտեն ժամանակակից բիզնեսը եւ շարունակում են «գործը» պապենական պատվիրաններով:

Իրատեսակա՞ն է գնահատել Ռուսաստանի նախագահական ընտրությունները որպես լուրջ փոփոխության նախադրյալ բանակցային գործընթացում:

Տանդեմը գոյություն ուներ Պուտինի ոչ հրապարակային, սակայն շոշափելի  առաջնորդությամբ: Այժմ նա դարձյալ պաշտոնապես դառնում է առաջին դեմք: Միամիտ կլիներ խայտառակ 1990-ականների ոգով իրականացվող այս տափակ փոխատեղման հետ դրական փոփոխությունների հույսեր կապել:  

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Դովիլում արած «ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու» մասին  հայտարարությունը, եթե, ինչպես դուք եք բազմիցս նշել համանախագահները ստատուս-քվոն օգտագործում են տարածաշրջանում իրենց ներկայությունը պահպանելու համար:

Այս տրագիկոմեդիայում ամեն մեկը տաղանդի եւ ցինիզմի տարբեր ուժով խաղում է իր դերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մի ձեռքով աջակցում են միջազգային իրավունքը խախտած երկրին, մյուս ձեռքով հաշտության եւ խաղաղության անհրաժեշտության կոչեր են անում: Նրանք խաղաղության օգտին են, սակայն պատերազմի դեպքում պատրաստ են ֆինանսական եւ քաղաքական օգուտ ստանալ: Ադրբեջանական եւ հայ ժողովուրդները պետք է իմանան, որ հաջորդ ղարաբաղյան պատերազմի հնարավոր եւ հավանական ռազմական գործողությունների ցանկացած արդյունքի դեպքում հաղթողն իրենք չեն լինելու, ինչպես պատերազմի առաջին փուլից հետո: Հայաստանը վերահսկում է Ղարաբաղը: Անիրավ եւ հալածյալ հայ ժողովուրդը հաղթո՞ղ է: Պատկերացնենք, որ Ադրբեջանը հայկական բանակը դուրս կմղի Ղարաբաղից եւ «կվերադարձնի Ղարաբաղը»:  Կոռումպացված մաֆիայի լծի տակ կարո՞ղ է ադրբեջանական ժողովուրդը համարվել հաղթանակած:

Ես երբեք չեմ զատում ազգային եւ սոցիալական ազատությունը, անվտանգությունն ու արդարությունը, որոնք պետք է ունիվերսալ լինեն եւ հայերի, եւ ադրբեջանցիների համար: Փորձեք ճաշել սոված մարդկանց ամբոխի մեջ: Եթե դուք այդ իրավիճակում ձեզ հարմարավետ եք զգում` կնշանակի ձեր սրտում եւ գլխում ինչ-որ բան այնպես չէ, եւ հաստատ դուք հեռու եք Քրիստոսից եւ Մուհամեդից

Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի եւ Եվրոպական ադրբեջանական ընկերակցության նախագծերը դուք համարո՞ւմ եք հակազդեցության քաղաքականություն, թե՞ դիտարկում եք  որպես հիմնադիրների անհատական նախաձեռնություններ:

Ես չեմ հետեւում սփյուռքի ադրբեջանցիների կազմակերպությունների գործունեությանը եւ չեմ կարող կոմպետենտ դատել դրանց գործունեության մասին: Բայց ինձ համար ունեմ մի քանի չափանիշ, որոնք կարող են օգտակար լինել այդ կարգի ցանկացած կազմակերպությունների գործունեության գնահատման համար:

1. Եթե նման կազմակերպությունների նախաձեռնողները մեր իշխանություններն են, ապա դրանք նախապես հետադիմական են, քիչ արդյունավետ եւ ծառայում են բյուջետային միջոցների յուրացմանը:

2. Եթե նախաձեռնողները ցանկանում են «սովորել» սփյուռքի հայկական կազմակերպություններից եւ կիրառել դրանց մեթոդները, դնել նմանատիպ նպատակներ, ապա Ադրբեջանին հսկայական վնաս կհասցնեն, այնպես, ինչպես սփյուռքի հայկական կազմակերպությունները վնասում են Հայաստանին:

3. Եթե այդպիսի կազմակերպությունները ստեղծել են առանձին անտեղյակ ռոմանտիկ «հայրենասերներ», ապա մնում է միայն խղճալ նրանց եւ մաղթել ապաքինում «հայկական» հիվանդությունից, որն արդեն դարձել է «ադրբեջանական» հիվանդություն:

Զրուցեց Արամ Գարեգինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ