News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի «սառեցված» համարել, քանի որ Լեռնային Ղարաբաղի գոտում իրավիճակը «մոտ է պատերազմականին»: Այս մասին տեղեկացրել է «Կարնեգի» հիմնադրամի տնօրեն Թոմ դը Վաալը` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ասուլիսում:

Նրա խոսքով` այդ հակամարտությունում ուժերի հարաբերակցությունը զգալիորեն փոխվել է: Ադրբեջանի կողմից սպառազինմանը եւ բանակին ոււղղված ծախսերը գերազանցել են Հայաստանի ամբողջ բյուջեն: «Ադրբեջանը վերածվել է միջազգային հզոր խաղացողի եւ ՆԱՏՕ-ին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անդամակցելու իրական հեռանկարներ ունի:

Բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը գործընթացի համար այնքան էլ արդյունավետ չի լինի, այդ պատճառով հարկ է մտածել բովանդակության եւ առանձին  դետալների մասին»,- ենթադրել է Թոմ դը Վաալը:

Փորձագետն արված սխալներից մեկը համարում է գործընթացի փակ բնույթը, որը բացառում է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը. «Դա նշանակում է, որ այդ հասարակություններում փոխզիջման չգնալու  մտածելակերպն է իշխում, եւ նրանք ոչ մի խաղաղարար ուժ չեն տեսնում, որը երկխոսության դեպքում կարող է աջակցել իրենց»:

Բանակցային գործընթացի մյուս բացթողումը կողմերի քաղաքական առաջնորդների ժխտողական վերաբերմունքն է. «Բանակցությունները տարվում են միմյանց հետ մրցակցող գաղափարների նեղ շրջանակում, բայց առ այսօր երրորդ գաղափար չի հնչել` խաղաղ փոխզիջման եւ խաղաղ համակեցության»:

Թոմ դը Վաալը Հարավային Կովկասի հակամարտությունները բնութագրել է միջազգային կազմակերպությունների առաջնահերթությունների տեսանկյունից, որպես «երկրորդ աշխարհի հակամարտություններ», սակայն բալկանական ճգնաժամի զուգահեռները հստակ վկայում են, որ այդ հակամարտությունները պետք չէ արհամարհել:

Փորձագետի խոսքով` կարգավորման գործընթացին խոչընդոտում է նաեւ այն, որ «հստակություն չկա, թե ով է լիազորված խաղաղության պահպանման համար» եւ ում վրա է դրված աշխարհի վերակառուցման պատասխանատվությունը, եթե  կողմերը հանկարծ որոշեն համաձայնության գալ, «ինչը հանգեցնում է կողմերի միջեւ անվստահության խորացմանը»:

Թոմ դը Վաալը Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի միջնորդներին խորհուրդ է տվել ընդլայնել շրջանակները եւ կողմերին ինքնուրույնություն տալ. «Հարկավոր է հայերին եւ ադրբեջանցիներին թույլ տալ կարգավորումն իրենց ձեռքը վերցնել եւ հետեւել բնական գործընթացին»: Բանակցողներին` ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին եւ Համաշխարհային բանկին դը Վաալը խորհուրդ է տվել նահանջել եւ հակամարտող կողմերի վրա ավելի մեծ պատասխանատվություն դնել: Միեւնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել մասնակցել իբրեւ խորհրդատուներ` ընդգծելով խաղաղ կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը, հաղորդում է  «Ամերիկայի ձայնը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ