News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում տղամարդկանց անպտղության հիվանդությունները ավելի հաճախակի են դարձել եւ հանդիպում են ավելի երիտասարդ տարիքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնեց ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը՝ նշելով, որ պրակտիկայում հանդիպած դեպքերը հուշում են, որ շագանակագեղձի բորբոքումը, սեռական ինֆեկցիոն հիվանդությունները, բորբոքային պրոցեսները տղամարդկանց շրջանում լայն տարածում ունեն: Դրանց նպաստում են երկարատեւ նստակյաց աշխատանքը, պատահական սեռական կապերը, ոչ ստաբիլ սեռական կյանքը, թմրամիջոցների չարաշահումը: «Ամենամտահոգիչն այն է, որ հիվանդները բժշկի դիմում են բավականին ուշ, քան անհրաժեշտ է: Պատճառը միայն սոցիալական չէ, այն ավելի շատ մենթալիտետով է պայմանավորված: Ցանկացած հայ տղամարդ, հատկապես երիտասարդ տարիքի, իրեն համարում է «մաչո», եւ այդ ինքնախաբեությունն է, որ տղամարդուն կարող է կործանման տանել»,- ասաց բժիշկը:

Ըստ նրա՝ սեռական գիտելիքների մակարդակը Հայաստանում «միջնադարյան» է: «Երիտասարդ պացիենտին հարցնում եմ, ցավերի դեպքում ինչո՞ւ չես ժամանակին եկել: Պատասխանում է, թե՝ դե մտածեցի մի երկու օր կցավի կանցնի: Բայց այդ «մի երկու օրն» էլ հիմնականում ամիսներ է տեւում: Արդյուքնում ստացվում է, որ կամ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ, կամ ընդհանրապես հիվանդությունն արդեն անբուժելի է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ տղամարդկանց բժշկին այցելելու խոչընդոտը նաեւ հոգեբանական է: «Սեռական խնդիրներ ունեցող տղամարդիկ պարզապես ամաչում են բժշկի այցելել: Դրա պատճառը պարզունակ է: Կարծում են, որ շրջապատում հանկարծ կիմանան, որ ինքն իրականում էլ «մաչո» չի: Դեպքեր ենք ունենում, որ հարազատները հիվանդին ստիպողաբար են բերում կլինիկա»,- նշեց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հասարակության բարդույթները բժիշկներին ստիպում են այլ մեթոդների դիմել: «Այս իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցը ինտերնետային կայքն է: Մենք մեր խմբով բացել ենք ուրոլոգիական հիվանդությունների վերաբերյալ կայք՝ grigoryans.am, ինչի համար շնորհակալ եմ իմ ընկերներին, որոնց հետ իսկապես թիմային աշխատանք ենք կատարել: Կայքում կա թե նեղ մասնագիտական, եւ թե լայն լսարանի համար հասկանալի կերպով նշված տեղեկատվություն: Ինձ թվում է, այն կօգնի իրավիճակի շտկմանը, հատկապես կբարձրացնի այդքան բաձր տարածում ստացող հիվանդությունների մասին իրազեկվածության մակարդակը»,- ասաց բժիշկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ