News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մի շարք տուրգործակալություններում արդեն սպառվել են Ամանորը Հայաստանի տարբեր վայրերում անցկացնելու փաթեթները, կամ էլ մնացել են ամենաթանկերը: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները տուրգործակալությունների շրջաններում:

Օրինակ՝ «Ռիմա թրավելի» տնօրեն Ռիմա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում` հյուրանոցների փաթեթների գները ավելի բարձր են, քան  արտերկրում, օրինակ`  Եգիպտոսում եւ Դուբայում:

«Հյուրանոցներում մեկ անձի համար մեկ օրը 290-350 հազար դրամի սահմաններում է, Հայաստանում հանգիստը թանկ է»,- նշեց նա՝ մանրամասնելով, որ հայաստանյան ամանորյա հանգիստը 250-290 հազար դրամ է արժե:

«Jasuta» տուրգործակալությունից աշխատակից Քրիստինեն NEWS.am-ին հայտնեց, որ Ծաղկաձորում մեկ անձի հանգիստն արժե 800 հազար դրամ, իսկ Ջերմուկում` 600 հազար դրամ:

«Դոլչե» տուրգործակալության աշխատակից Արմինեի խոսքով՝ Հայաստանում հանգստացողները հիմնականում նախընտրում են Աղվերանը` սկսած 95 հազար դրամից եւ Ծաղկաձորը` սկսած 175 հազար դրամից: «Արենի» տուրգործակալության տնօրեն Հասմիկ Հակոբյանը նշեց, որ Հայաստանում Ամանորն անցկացնել ցանկացողները հիմնականում գնում են Ծաղկաձոր, Աղվերան, Աղավնաձոր, որտեղ մեկ անձի համար 3-4 գիշեր անցկացնելը սկսվում է 100 հազար դրամից:

«Արիա» տուրգործակալությունում տեղեկացրին, որ Հայաստանում նախընտրում են հանգստանալ Ծաղկաձորում, Դիլիջանում, սակայն չհայտնեցին գները:  «Ալո տուրում» տրամադրած տվյալներով՝ պահանջարկը հիմնականում վայելում են Աղվերանը, Աղավնաձորը, Հանքավանը: «Դուբայում Ամանորն ավելի էժան է, քան երբեմն Ծաղկաձորում, որտեղ երկու անձի հանգիստն արժե նույնիսկ 800 հազար դրամ: Դուբայում եւս 800 հազար դրամ է, բայց 5 աստղանի հյուրանոցում` երեքանգամյա սննդով, գնալ-գալով: Մեկ անձը կարող է Եգիպտոս գնալ եւ գալ 150 հազար դրամով, իսկ Հայաստանում այդքան գումարով Աղվերան կգնա»,- ասաց նա:

Նշենք, որ հայաստանյան հյուրատները կամ հյուրանոցները գումարի մեջ ներառում են միայն առավոտյան նախաճաշը: Ճաշի ու ընթրիքի ծախսերը պետք է հոգա հանգստացողը: Տեղեկացնենք, որ հյուրանոցում երկու հոգու ճաշի կամ ընթրիքի գումարը ամենահամեստ հաշվարկով կազմում է մոտ վեց հազար դրամ:Այպիսով` Հայաստանում Ամանորն ու ամանորյա հանգիստն անցկացողները նախընտրում են գնալ Ծաղկաձոր, Ջերմուկ, Աղվերան, Դիլիջան, Աղավնաձոր, Հանքավան: Հայաստանի վերոնշյալ հանգստյան վայրերում մեկ անձի համար հանգիստը սկսվում է 95 հազար դրամից եւ կարող է հասնել մինչեւ  800 հազար դրամի` կախված փաթեթից եւ ծառայություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ