News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին եւ հանդես եկել ելույթով:

ԼՂՀ նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Հեռուստամարաթոնի շրջանակներում, ինչպես գիտեք, տեղի են ունեցել շատ հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներում: Այսօրվա հանդիպումն ունի առանձնահատուկ նշանակություն` հաշվի առնելով հանդիպման ձեւաչափն ու այն խնդիրները, որոնք մեզ հաջողվել է լուծել միասին երկար տարիների ընթացքում: Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեզնից յուրաքանչյուրը հանդիսանում է այն արժանի հայը, ով իր հնարավորության սահմաններում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության` որպես անկախ պետության կայացման գործին:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հոգատար վերաբերմունքը Արցախի հանդեպ, հայրենի երկրին ու ժողովրդին ձեր անսահման նվիրվածությունը, ինչը մեզ համար ունի ինչպես նյութական, այնպես էլ բարոյական հսկայական նշանակություն: Այն օգնում է մեզ ավելի արագ կառուցել Արցախ աշխարհը, ստեղծել ժամանակակից պայմաններ տնտեսության զարգացման, մարդկանց նորմալ կենսագործունեության ապահովման ուղղությամբ: Ձեր աջակցությամբ իրականացվել եւ այսօր էլ իրականացվում են շատ ծրագրեր, կառուցվում ու վերանորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, բնակելի տներ, ճանապարհներ, անց են կացվում ջրատարներ Արցախում ապրող եւ իր ձեռքերով իր ապագան կերտող մեր ժողովրդի համար: Դա ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն է, ինչի համար մենք խորապես երախտապարտ ենք ձեզ բոլորիդ: Այս տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների արդյունքում Արցախում արդեն ակնառու են դրական տեղաշարժերը, արձանագրվել է կայուն տնտեսական աճ, որը զգալիորեն գերազանցում է նախկին տարիների ցուցանիշը: Առկա է բարենպաստ ներդրումային դաշտ, ինչը հնարավորություն է տալիս փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել միջազգային տարբեր ընկերությունների հետ: Այս ամենի մեջ անգնահատելի է նաեւ ձեր ներդրումը:

Եվ այսօր մենք կրկին հավաքվել ենք այստեղ, որպեսզի ձեզ հետ միասին, համատեղ ուժերով շարունակենք լուծել մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները:  Այդպիսի խնդիր է այսօր հանդիսանում Արցախի ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը եւ դրանց պաշտպանությունը: Մենք նախատեսում ենք այս տարի եւս շարունակել հանրապետության ջրային համակարգի բարելավման գործընթացը, որպեսզի 21-րդ դարում գոնե արցախցին ջրի պակաս չզգա:

Ուզում եմ վստահ լինել, որ այս անգամ էլ մենք կկարողանանք միավորել մեր ջանքերը եւ հաջողությամբ իրականացնել հայրենի երկրի համար ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը եւս: Միայն այսպես միասնաբար մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները եւ հաստատուն քայլերով ընթանալ մեր պետականության ամրապնդման, հարազատ ժողովրդի համար արժանավայել կյանք ստեղծելու ճանապարհով:

Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին նոր հաջողություններ բերի ձեզ եւ ձեր ընտանիքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ