News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային Ժողովի առջեւ թուրքական համայնքի կազմակերպած ցույցը շատ վատ տպավորություն է թողել ֆրանսիացի պատգամավորների վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար, Ռոն Այպի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը: «Որովհետեւ շատ ագրեսիվ ցույց էր, իրենք խոսում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի դեմ: Իբր ներկայանում էին որպես ֆրանսահպատակ թուրքեր, բայց այնպիսի ագրեսիվ վարք դրսեւորեցին, որ ճիշտ հակառակ տպավորությունը թողեցին»,- նշեց Չոբոյանը:

Վերջինիս կարծիքով, Ֆրանսիայի Ազգային Ժողովում ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրինագծի ընդունումից հետո Թուրքիան աննախադեպ ճնշումներ է բանեցնելու Ֆրանսիայի դեմ եւ դրա առաջին օրինակը դեսպանի հետկանչն էր: «Ֆրանսիայի վրա հաջորդ մեկուկես ամիսների ընթացքում ճնշումներ են բանեցվելու, որ Սենատը չընդունի օրինագիծը: Հավանական է, որ հարցը այդպիսի ընթացք կստանա, բայց ասեմ, որ հնարավորությունները շատ մեծ են, որ Սենատը կհաստատի: Սենատի մեծամասնությունը ընկերվարներն են, որոնք պետական հարցերով կաշկանդված չեն: Ճիշտ է` նրանց մեջ էլ տարակարծություններ կան, բայց ընդհանուր կարծիքն այն է, որ պետք չէ խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, միաժամանակ պետք է գոհացնել հայ համայնքին»,- նշել է Չոբոյանը:

Մեկնաբանելով բրիտանական The Guardian-ում ներկայացված այն տեսակետը, թե կարճ ժամանակ է մնացել մինչեւ նախագահական ընտրություններ, Սենատը չի հասցնի ընդունել օրինագիծը, Հիլդա Չոբոյանը պատասխանել է. «Այո, ժամկետը կարճ է, Սենատի նիստերը մինչեւ փետրվարի կեսն է լինելու: Արդեն սենատոր Կալտենբախի կողմից լսումներ են նախաձեռնվել, եւ հավանաբար նա եւ մյուսները կներկայացնեն օրինագիծը Սենատին: Կարծում եմ` քիչ է հավանականությունը, որ չընդունվի»:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ