News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը Ամանորի կապակցությամբ նախաձեռնել է հարցազրույցների շարք մեր նախարարների հետ, որի շրջանակներում էլ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Ինչպե՞ս եք որոշել այս տարի անցկացնել Ամանորը, որտե՞ղ, ո՞ւմ հետ:

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ամանորը անցկացնելու եմ տանը, ընտանիքիս հետ:

Որքանո՞վ եք մասնակցում ամանորյա նախապատրաստություններին: Որոշե՞լ եք, թե ինչ եք նվիրելու ձեր երեխաներին, ամուսնուն, մտերիմներին:

Նախկինում մասնակցում էի լիովին, այժմ` ժամանակիս ու հնարավորություններիս սահմանում: Ամանորին միմյանց նվերներ տալու սովորույթը շատ կարեւորում եմ, նվերները լինում են խորհրդանշական, բայց հաճելի: Իհարկե, յուրաքանչյուրին նվեր գնելիս շատ երկար մտածում եմ նախասիրությունների, հետաքրքրությունների ու ցանկությունների մասին:

Ձեր ընտանիքում Ամանորը կազմակերպելու եւ անցկացնելու ձեւավորված ավանդույթներ կա՞ն, կպատմեք դրանց մասին:

Ամենամեծ ավանդույթն Ամանորը տանը դիմավորելն է: Կարծում եմ, որ սա այն տոնն է, որը շատ ընտանեկան է, շատ մտերմիկ ու շատ ջերմ: Միասին համախմբվելու, միմյանց  բարեմաղթանքներ ուղղելու լավ հնարավորություն է: Իսկ կազմակերպելու առումով, ասեմ, որ շատ սիրում եմ այդ տոնական իրարանցումը: Տոնածառն ու բնակարանը զարդարելը, նվերները փաթեթավորելը, հյուրեր ընդունելը շատ հաճելի զբաղմունք է, որն անում եմ մեծ բավականությամբ:

Հիշո՞ւմ եք, թե որն էր Ձեր կյանքի ամենաերջանիկ եւ ամենատխուր Ամանորը:

Տխուր է այն Ամանորը, երբ անցնող տարում կորցրել ես հարազատներիցդ մեկին, կարծես, հենց այդ օրն առավել զգում ես նրա կարիքը:  Իմ ամենատխուր Ամանորն այն էր, երբ մեզ հետ չէր մայրս: Երջանիկ Ամանորներ շատ եմ ունեցել, դրանցից մեկն անցած տարի էր, երբ մեր ողջ ընտանիքն էր հավաքվել մեր տանը՝ ամուսինս, երկու որդիներս, մեծ որդիս՝ ընտանիքով, հայրս: Միշտ չի, որ հաջողվում է դա եւ ես այդ պահերին, իրոք, լիարժեք եմ ինձ զգում ու լիովին երջանիկ:

Երազանք պահո՞ւմ եք Ամանորի գիշերը, հավատո՞ւմ եք Ձմեռ պապի գոյությանը: Կնշե՞ք այն երեք երազանքները, որոնք կցանկանայիք, որ իրականանային:

Երեւի թե բոլորս էլ Ամանորի գիշերը համառոտ ամփոփում ենք անցնող տարին, գնահատում ձեռքբերումները, ափսոսում կորուստների համար ու բնականաբար դիմավորում Նոր տարին հույսերով, սպասելիքներով ու երազանքներով:  Ձմեռ պապի գոյությանը, կարծում եմ, մարդիկ դադարում են հավատալ վաղ պատանեկության շրջանում: Հավատի այդ կորուստը, կարծես, առաջին քայլն է, երբ  մանկական գեղեցիկ, մաքուր, լուսավոր երազները բախվում են իրականության հետ: Հետագայում յուրաքանչյուրս շարունակում ենք վայելել Ձմեռ պապի գոյությունը մեր երեխաների միջոցով, այնուհետեւ՝ թոռների եւ այդպես շարունակ: Երեք երազանքներից առաջինն աշխարհին խաղաղությունն է: Երազում եմ, որ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ, հանգիստ, հանդարտ ու ներդաշնակ կյանքով, 3-րդ երազանքը կապված է երեխաներիս ու թոռներիս հետ, ուզում եմ` նրանք առողջ, երջանիկ եւ հաջողակ լինեն ու հնարավորինս երկար վայելեմ հորս ներկայությունը:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ