News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Երեւանյան ժամանցի կենտրոնները եւս պատրաստվում են Ամանորին, չէ՞ որ այդ օրը գումար աշխատելու ամենալավ օրերից է: NEWS.am-ը հարցում է անցկացրել ժամանցի կենտրոնների շրջանում` փորձելով պարզել, թե Ամանորի գիշերը որտեղ ի՞նչ է  սպասվում, ո՞վ է երգելու, ինչ են հրամցնելու ռեստորանները եւ որքան պետք է վճարել Ամանորը որեւէ ռեստորանում անցկացնելու համար:

«Բելաջիո» ռեստորանի մենեջեր Հովիկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գրեթե ազատ տեղեր չեն մնացել: Ըստ որում` Ամանորի գիշերը իրենց ռեստորանում անցկացնելու համար պետք է ավելի վաղ պատվիրել եւ նվազագույնը 6 հոգով: Այդ օրը ռեստորանը կաշխատի հավանաբար մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Ամանորի գիշերը «Բելաջիոյում» անցկացնելու համար մեկ անձը 45 հազար դրամ է վճարելու: Այդ գնի մեջ մտնում է ձկների եւ մսեղենի տեսականին, երկու տաք ուտեստ, բլինչիկ, խորոված, միրգ, չարազ, կոնֆետ, խմորեղեն, խմիչք, հյութեր, մի խոսքով` ամեն ինչ: Շոու ծրագրի շրջանակներում  երգելու են երգիչներ Մարտին Մկրտչյանը, Աննա Խաչատրյանը, Լիանան, Միհրան Ծառուկյանը եւ այլք, շոուն վարելու է Արթուրը: Ի դեպ, մենեջերը նշեց, որ նախորդ տարի էլ հաճախորդներն այդքան գումար են վճարել:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մենեջերը` Սամվելը, նշեց, որ իրենց մոտ եւս պետք է նախապես պատվիրել, մուտքը 10 հազար դրամ է եւ դրան գումարվում է այն, ինչ կպատվիրեն: Սյս ռեստորանում երգելու են երգիչ եւ կլառնետահար Հովհաննես Վարդանյանը, Սպիտակցի Հայկոն (Հայկ Ղեւոնդյանը), Կարոն, Զառան եւ այլք:

«Փարվանա» ռեստորանից հայտնեցին, որ Ամանորի գիշերը իրենց մոտ տոմսի արժեքը առաջին եւ երկրորդ հարկերում նստելու համար 30 հազար դրամ է, իսկ երրորդ հարկի համար` 25 հազար դրամ, եւ այդ գումարի մեջ մտնում է սնունդը` պանրի, մսի, ձկան տեսականի, կարմիր խավիար, պոմիդոր, վարունգ, լիմոն, զեյթուն, կանաչի, մածուն, երկու տաք ուտեստ, ջրեղեն, խմիչք եւ այլն: «Փարվանայում» երգելու են Կարեն Մովսիսյանը, Հայկ Ղեւոնդյանը, Ջոն Կարապետյանը, Արմեն Ղազարյանը, Հովհաննես Վարդանյանը: Աշխատակցի խոսքով` լինելու են խաղարկություններ, մրցույթներ, նվերներ, անակնկալներ:

«Մեցցո» ակումբում ամանորյա ծրագիրը սկսվելու է 00.30, երգելու է «Ռենկարնացիա» խումբը, որից հետո ելույթ է ունենալու DJ Tairov-ը: Մեկ անձի համար մուտքը 20-50 հազար դրամ է` կախված տեղերից: Այդ գումարի մեջ մտնում է չարազ, խմորեղեն, միրգ: Իսկ «Jose»  ժամանցի համալիրում տարբեր հարկերում տարբեր շոուներ են լինելու` տարբեր գներով: Երկրորդ հարկում ջազ-բենդեր են լինելու, ելույթ են ունենալու մի շարք խմբեր: Ակումբում հնչելու է ակումբային երաժշտություն, հրավիրված են հայ աստղեր, օրինակ` Սամվել Գրիգորյանը, Միհրան Ծառուկյանը, Էլլա Տարունցը, Լուսինե Պողոսյանը, Հայկ Կասպարովը, Դավիթ Սասունցին եւ այլք: Սրճարան բարում հրավիրված է DJ Guevo-ն ու կլինի փարթի: Մեկ անձի մուտքը սրճարան արժե 15 հազար դրամ, եւ դա միայն մուտքի գումարն է: Ջազ հատվածում եւ ակումբում մեկ անձը 35 հազար դրամ է, ըստ որում` այդ գումարի մեջ մտնում է շամպայնը, միրգը, խմորեղենը:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ