News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանն անցած շաբաթ եղել է Մադրասում` մասնակցելով այդ քաղաքում Հայաստանի հյուպատոսության բացման արարողությանը: Այդ մասին հաղորդում է հնդկական The Hindu-ն (http://www.thehindu.com/life-and-style/metroplus/article2763617.ece): Մադրասում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը գործարար Շիվքումար Իշվարանն է: Հյուպատոսության բացումը առիթ էր Մադրասում հայկական ներկայությունը հիշելու համար դեռեւս 1660-ական թվականներին, եւ դրա մասին է վկայում հայտնաբերված քարը, որը թվագրվում է 1663-ով: Դրա վրա փորագրված է «Խոջա Դավիթ Մարգարի» անունը:

Հայկական ներկայությունը Մադրասում սկսել է աճել 1688-ից, երբ «Օսթ-հնդկական» ընկերությունը հայերին տվեց այն իրավունքները, ինչ ունեին անգլիացիները: Այդ արտոնությունները տրամադրվել են Խոջա Փանոս Քալանթարի եւ ընկերության միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում: Համաձայնությունը թվագրվում է 1688 թվի հունիսի 22-ով, եւ ժամանակին փոխանցվել է Մադրասում հայ վաճառական «Գրիգորիո Փարոանին» եւ նրա ընկերներին: Շնորհիվ դրա` նրանք կարողացել են ոչ միայն առեւտուր անել նույն պայմաններով, ինչ անգլիացիները, բայց նաեւ ունեցել են բրիտանահպատակների բոլոր իրավունքները:

Բացի այդ, նրանց հաղորդել են, որ հենց Մադրասում լինեն 40 հայ առեւտրական, նրանց կտրամադրվի հող` մշտական եկեղեցու կառուցման համար: Դա տեղի է ունեցել 1712-ին, եւ յոթ տարվա ընթացքում եկեղեցին ստացել է տարեկան 50 ֆունտ-ստեռլինգ` հոգեւորական պահելու համար:

Աղա Նազար Ջանը եղել է Մադրասի խոշոր հայ առեւտրականներից առաջինը, որից հետո եղել են հայտնի Խոջա Պետրուս Ուսկանը, Աղա Շամվեր Սուլթանը եւ Աղա Սամուել Մուրադը:

Այդ ժամանակաշրջանի մյուս նշանավոր հայը Հարություն Շմավոնյանն է, ով 1794-ին Մադրասում հիմնել է առաջին հայկական ամսագիրը` «Ազդարարը»:

Մադրասում ժամանակին եղել է հայկական ազդեցիկ ներկայություն, բայց հայերը տեղափոխվել են այնտեղ, որտեղ գտնվել է իշխանությունը` Աղրան, եւ Կալկաթայում Ռաջայի ծաղկման շրջանում բնակվել են մի քանի հազար հայ: Նրանց թվաքանակը հնարավորություն է տվել Հայկական քոլեջի հիմնադրման համար, որը մինչ օրս գոյություն ունի եւ Հայաստանից որբ երեխաներ է ընդունում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ