News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի սպառնալիքներն ու շանտաժները տվեցին լրիվ հակառակ ազդեցությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` հավելելով, որ Թուրքիան իր խոստացած որեւէ սպառնալիք եւ շանտաժ չկարողացավ իրականացնել, ավելին` դրանք հարավածեցին հենց Թուրքիային:

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիշատակումները «ալժիրցիների «ցեղասպանության» վերաբերյալ» խիստ պատասխան ստացան Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյանի կողմից, որը ծանր ապտակ էր Թուրքիային»,- նշեց թուրքագետը` մեջբերելով Ալժիրի վարչապետի զգուշացումը Էրդողանին, թե պետք չէ ալժիրցիների թափած արյունը դարձնել քաղաքական շահարկումների առարկա:

Անդրանիկ Իսպիրյանի խոսքով` այս հանգամանքը եւս շատ ծանր ընդունվեց թուրքական մամուլի կողմից, նույնիսկ եղան հրապարակումներ, որ Ալժիրի վարչապետի պատասխանը Թուրքիային ծանր դրության մեջ է դրել: Մի շարք թուրք լրագրողներ քննադատել են Էրդողանին, թե ինչու է նա խոսում ալժիրցիների ցեղասպանությունից, երբ Ալժիրը  Ֆրանսիայի հետ որեւէ խնդիր չունի եւ բարեկամական հարաբերությունների մեջ է, ու որեւէ առիթ չկա խառնվելու նրանց հարաբերություններին:

Թուրքագետի խոսքով` Թուրքիայի վարչապետի սպառնալիքները ոչ միայն չվախեցրին Ֆրանսիային, այլեւ ավելացրին Ֆրանսիայի քայլերն ընդդեմ Թուրքիայի: Որպես օրինակ` Անդրանիկ Իսպիրյանի բերեց այն, որ Սարկոզին փորձում է ոչ միայն Ֆրանսիայում անցկացնել օրինագիծը, այլեւ ԵՄ-ի կողմից 2007թ ընդունված «Ռասիզմի եւ այլատացության դեմ պայքարի» ծրագրի շրջանակների մեջ ներառել նաեւ Հայոց Ցեղասպանության ժխտումը, այսինքն` Եվրամիության բոլոր երկրներում քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: «Սա ցույց է տալիս, որ Էրդողանի սպառնալիքներն ու շանտաժները սնանկ են եւ դրանք դադարել են գործիք լինել միջազգային հարաբերություններում»,- նշեց Անդրանիկ Իսպրիյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսում խոսքն ուղղելով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանին` Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան հայտարարել է. «Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի ժողովրդի արյունը: Մեր թուրք գործընկերներին խորհուրդ ենք տալիս մեր արյունն առեւտրի առարկա չդարձնել»:

Ահմեդ Օյահյան նշել է, որ Թուրքիան 1830 թվականին Ալժիրը գրավելուց երեք օր անց երկիրը հանձնել է ֆրանսացիներին եւ այնուհետեւ մինչեւ Ալժիրի անկախությունը՝ 1962 թվականը, ՄԱԿ-ում քննարկման դրված Ալժիրի շահերը պաշտպանող բոլոր բանաձեւերին դեմ է քվեարկել: «Թուրքիան Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում ինչ-որ կերպ դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ: Ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»,- ասել է Ալժիրի վարչապետը։

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագծի ընդունումից հետո որպես հակազդեցություն Ֆրանսիային մեղադրել էր Ալժիրի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ