News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամանորի գիշերը թալանել են դեռեւս 12 տարի առաջ գնդակահարված ընտանիքի դատարկ մնացած առանձնատունը, որը գտնվում է Գյումրիի Տեքստիլագործների թաղամասում, Պարոնյան 59 հասցեում: Այս մասին NEWS am-ի թղթակցին ասել է Գյումրիի բնակիչ Սեդա Անանյանը, ով առանձնատան տերերի խնամին է:

Դեռեւս 2000 թվականին, այդ առանձնատանը, օրը ցերեկով, սպանել էին Գյումրիի սեւ շուկայի աշխատակից Ռաֆիկ Անանյանին («Բրիլիանտի Ռաֆ») ու նրա ընտանիքի բոլոր անդամներին:

«Ռաֆիկին սպանել էին նկուղում, կնոջը` Հասմիկ Մադոյանին` տան աստիճանների վրա, իսկ դստերը` Զառային, անկողնու մեջ»,- պատմեց Սեդա Անանյանը, ով այդ չարաբաստիկ դեպքից հետո իր եղբոր հետ «տիրություն է անում» առանձնատանը:

Մինչեւ այժմ հայտնի չէ, թե որն է  գյումրեցի Ռաֆիկի ընտանիքին ոչնչացնելու պատճառը եւ այդ քրեական գործով այդպես էլ մեղադրվողներ չեն եղել:

«Միլիցիան այդպես էլ չգտավ, թե պատճառը որն է, Ռաֆիկին «Բրիլիանտ» էին ասում ու մտածում էին, թե սաղ պատերը բրիլիանտից է, հիմա էլ նոր թալան են անում»,-նշեց Սեդան:

Նրա պատմելով՝ շուկայից տուն է վերադարձել դեկտեմբերի 31-ի երեկոյան: Պատահաբար անցել է առանձնատան մոտով, տաքսիով է եղել, երբ տեսել է, որ դարպասը կիսաբաց է: «Սկզբում կարծեցի եղբայրս է, մտա ներս բղավեցի, բայց մարդ չկար, իմ ձեռքի հեռախոսով զանգեցի եղբորս եւ բարկացա, թե եկել դուռն ինչի է կիսաբաց թողել: Նա ասաց, որ առանձնատանը չի եղել»,-ասաց Սեդան:

Եվ երբ կինը ներս է մտել, տեսել է, որ առանձնատունը թալանված է: «Նասոսնին թալանված էր: Հետո էլ տեսա կողպեքը կոտրված է: Դրանից հետո էլ թալանը շարունակվում է, մի ուրիշ օր էլ լուսամուտների ճաղերն են թալանել»,-նշեց նա:

Հատկանշական է, որ դեպքի մասին նրանք հաղորդում չեն տվել ոստիկանություն: Այդուհանդերձ, այսօր` հունվարի 10-ին, ոստիկանությունից գնացել են Սեդա Անանյանին հարցաքննելու, բայց նա խուսափել է հայտարարություն տալուց: Նա դա պատճառաբանել է իր առողջական խնդիրներ ունենալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ