News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

1990թ. հունվարի 13: Բաքու: Դեռեւս Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք: Քաղաքում հակահայկական հանրահավաքներ են: Իշխանություն է տենչում Ադրբեջանի նացիոնալ-ֆաշիստական Ժողովրդական ճակատը, որն արդեն իշխում է փողոցում: Հանրապետության ղեկավարությունը չի կարողանում կանխել «իրադարձությունների զարգացումը»: Երեկոյան, երբեմնի հանդուրժողական Բաքվում, որն այդպիսին էր դարձել Խորհրդային իշխանության շնորհիվ, սկսվում են քաղաքի բնիկ հայերի զանգվածային ջարդերը: Այդ պահին Բաքվի հայերի թիվը 200 հազարից արդեն նվազել էր մինչեւ 50 հազար, որոնք գազազած հանցագործների գործողությունների զոհ դարձան:

Ադրբեջանի ժողորդական ճակատը գործում էր «պրոֆեսիոնալ» եւ մեթոդիկորեն: Նախքան հայերի ջարդերը խորհրդային զորքերը արգելափակվել էին Սալյանսկի զորանոցներում: Արդեն զոհեր կային զինծառայողների ընտանիքներում: Պետական իշխանության բոլոր կենտրոնական շենքերը շրջափակված էին Ժողճակատի կողմնակիցներով: Բաքվի ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկում:

Ջարդարարները «երկրորդ շնչառություն» ստացան Մոսկվայից` Ադրբեջանի կոմկուսի կոռումպացված ղեկավար Հեյդար Ալիեւից:

1982-ին Մոսկվա մեկնելուց հետո Հեյդար Ալիեւն անում էր ամեն ինչ, որպեսզի վարկաբեկի իրենից հետո Ադրբեջանի կոմկուսի ղեկավարի պաշտոնում հայտնված Քյամրան Բաղիրովին, ապա Աբդուրահման Վեզիրովին: Իսկ այդ պահին նախիջեւանյան կլանը, որի դեմ պայքար էր մղվում դեռ 1980-ականներից,  պատրաստ էր կատարել Ադրբեջանի Կոմկուսի նախկին ղեկավար «Հեյդար-բաբայի» յուրաքանչյուր սադրիչ առաջադրանքը:

Նացիոնալ-ֆաշիստների եւ ալիեւյան կլանի ջանքերի միաձուլման հետեւանքը եղավ միջնադարյան ասպատակությունը, սպանություններն ու բռնաբարությունները, հրդեհված տներն ու խանութները: Պաշտոնական տվյալներով, սեփական տներում եւ կենտրոնական փողոցներում սպանվել են մոտ 100 բաքվեցի հայեր: Վիրավորների թիվը ոչ ոք չի հաշվել: Փողոցներում տիրում էր բանդիտիզմը:

Միայն արտակարգ դրություն մտցնելու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հունվարի 19-ի ուշացած որոշումը թույլ տվեց կանխել քաղաքի ամբողջ քրիստոնյա բնակչության սպանդը: Քրիստոնյա` քանի որ հայերից բացի արդեն հարվածի տակ էին նաեւ ռուսները: Միայն Խորհրդային բանակի զորքերի դիմահար կրակով հաջողվեց վերականգնել կարգուկանոնը, իսկ հայերը ստիպված եղան լքել քաղաքը` կորցնելով ամբողջ ունեցվածքը:

Անցել է 22 տարի: Բաքուն «ծաղկում եւ բուրում է» ալիեւյան կլանի ավտորիտար ռեժիմի ճիրաններում: Այժմ արդեն առանց որեւէ փոխհատուցման տեղահանում են հին Բաքվի բնակիչներին: Անհրաժեշտ է կառուցել հյուրանոցներ եւ հսկայական առեւտրի կենտրոններ: Բայց ամենակարեւորը` չհիշել նախկին բնիկ բնակիչներին` սպանված, արտաքսված հայերին:

Դրա փոխարեն ավելի լավ է պարբերաբար հեռուստատեսությամբ պնդել, որ «հանդուրժողական» Ադրբեջանում «բոլոր էթնոսների եւ կրոնների ներկայացուցիչները միշտ ապրել են խաղաղ»:

Այդուհանդերձ, Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի գործողություններում սա ամենամարազմատիկ ու հիմար քայլը չէ: Ադրբեջանում չեն մոռանում հիշեցնել, որ «Իրեւանը Արեւմտյան Ադրբեջանի մայրաքաղաքն է», «հայերը եկվորներ են Կովկասում», «Ադրբեջանն էլ սպորտի հին երկիր է» եւ այլն: Իսկ հայերի ջարդեր «չեն եղել», դա «հակաադրբեջանական սադրիչ հերյուրանք է»: Արխիվային փաստաթղթերի եւ տեսանյութերի վրա` թքած:

Ստի վրա կյանք կառուցելով` ադրբեջանցիները նմանվելու են թուրքերին, որոնք անչափ ցանկանում են մտնել Եվրամիություն, բայց ամեն անգամ նրանց հիշեցնում են «ինչ-որ ցեղասպանություն»: Ավելի լավ է ընդունել սեփական պատմության ամոթալի ու անջնջելի էջերը, կյանքում կա նաեւ ներում: Եվ չէր խանգարի, որ ամեն օր ցինիկ սուտը շեշտելու փոխարեն հիշել սովորական մարդկային արժեքների մասին, այն արժեքների, որոնցով 22 տարի առաջ առաջնորդվում էին շատ ադրբեջանցիներ` փրկելով իրենց հարեւան ու ընկեր հայերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ