News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բաքվում համոզված են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ չի բացի այն, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից չի հանել իր զորքերը: Այս մասին bs-kavkaz.org-ի հետ զրույցում նշել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը` պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների փակուղու հասնելու մասին հարցին:

«Արձանագրություններն իրոք շատ ընդդիմադիրներ ունեն ինչպես հայ եւ թուրք ընդդիմությունում, այնպես էլ հասարակական կառույցների շրջանում: Բայց եւս մեկ կարեւորագույն խոչընդոտ կա` Ադրբեջանը: Բաքվում համոզված են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ չի բացի այն, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից չի հանել իր զորքերը: Հայաստանի հետ բանակցություններ սկսելով` Թուրքիան կարծում էր, որ կարող է դրանք վարել առանց Բաքվի կարծիքի հետ հաշվի նստելու` ադրբեջանական կողմից նման բուռն արձագանքի չսպասելով: Բայց թուրքերը սխալվել էին իրենց հաշվարկներում: Ադրբեջանին հաջողվեց ազդել թուրքական իշխանությունների, հասարակության եւ ազգայնական ուժերի վրա` հասնելով նրան, որ Անկարան Երեւանի հետ հարաբերություններում ստիպված է հաշվի առնել Բաքվի տեսակետը»,- նշել է Ֆրեյզերը:

Ֆրեյզերի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի միջեւ կապ գոյություն չունի, այդ երկու գործընթացները ոչ մի կերպ չեն կապվում: Թեեւ չի կարելի պնդել, որ դրանք կապված չեն: Որոշակի առումով դրանք փոխկապակցված են, բայց չի կարելի հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, Ֆրեյզերն ասել է. «Կարծում եմ, ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում լավագույն տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկածն է, այսինքն` Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքի տրամադրումը:  Լեռնային Ղարաբաղը երկար տարիներ ապրել է արտաքին աշխարհից մեկուսացած, միակ կապող օղակը եղել է Հայաստանը: ԼՂ-ում առկա է գործող կառավարություն, զարգացող տնտեսություն, այդ պատճառով միջանկյալ կարգավիճակը նրան արտաքին աշխարհի հետ շփման, ներդրումներ գրավելու հնարավորություն կընձեռի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ