News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր երգիչ, երգչուհիները հիմնականում ողջունում են Հայաստանի որոշումը` մասնակցել 2012թ մայիսի 22-26-ին, Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները նրանց շրջանում:

Մասնավորապես, երգչուհի Լուսինան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե մեր անվտանգությունը պատշաճ ապահովվի, բոլոր պայմանները ստեղծվեն, ապա ինչո՞ւ չմասնակցել: Բայց Լուսինայի համար կարեւոր է, որ Հայաստանը ներկայացնող մասնակցին ընտրի ժողովուրդը, եւ եթե իրեն ժողովուրդն ընտրի, ապա ինքը կհամաձայնի կներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»:

Հայաստանը նախորդ տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Էմմին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ճիշտ որոշում էր «Եվրատեսիլին» մասնակցելը: «Պետք է ոչ միայն մասնակցել, այլեւ այնքան լավ պատրաստվել, որ իրոք, այնտեղից լավ արդյունքներով վերադառնանք»,- ասաց նա` հավելելով, որ ավելի լավ կլինի այս տարի Հայաստանը ներկայացնի տղա երգիչներից որեւէ մեկը, օրինակ` Էրիկը, Ռազմիկ Ամյանը, Մհերը: Էմմին նշեց, որ այս տարի հաստատ չի մասնակցի «Եվրատեսիլին», բայց մյուս տարիներին մասնակցելու ցանկություն կլինի:

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը եւս ճիշտ է համարում երգի մրցույթին մասնակցելը: «Ինչո՞ւ պետք է վախենալ որ, թող գնան երգեն: Եթե կա նպատակ, լավ հայկական երգով ներկայանան, ճիշտ: Իսկ եթե պիտի հերթական մի անմիաստ բան լինի, իմաստ չունի ներկայանալ»,- ասաց երգչուհին: Հավանական թեկնածուների շարքում նա չի տեսնում ներկայացուցիչներ շոու բիզնեսից:

Empyray ռոք-խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանին ընդհանրապես չի հետաքրքրում ոչ «Եվրատեսիլը», ոչ էլ այդ մրցույթին մեր մասնակցությունը, կամ չմասնակցությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ կցանկանար Հայաստանը ներկայացներ նա, ով կգնար ո’չ հաղթելու, ո’չ պարտվելու, այլ պարզապես լավ ելույթ ունենալու: «Այնպես լիներ, որ երեք միլիոնանոց ազգի հարց դա չդարձվեր: Եթե գնում են մասնակցելու, ուրեմն որոշել են նաեւ, թե ով է գնալու, այդպես չէ՞  մեր մոտ»,- ասաց նա` հավելելով, որ կարող են «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերին ուղարկել:

Նշենք, որ Հայաստանը մասնակցելու է 2012թ մայիսի 22-26-ին, Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին:Այս մասին նշվում է «Եվրատեսիլ-2012»-ի պաշտոնական կայքում: Ըստ այդ տեղեկատվության` Հայաստանը 42 այլ երկրների հետ հայտ է ներկայացրել` մասնակցելու երգի մրցույթին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշեց, որ ավելի ուշ կանդրադառնան այն հարցին, թե ինչպես է ընտրվելու Հայաստանը ներկայացնող մասնակիցը եւ ով է ներկայացնելու մեր երկիրը: Նրա խոսքով` այդ հարցերը դեռ քննարկվում են եւ մոտ ժամանակներս իրենք հանդես կգան հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ