Կուզեի վիճակագրական տվյալներից առանձնացնել մեկ քրեական գործ, երբ առցանց տիրույթում է կատարվել մարդու շահագործումը, թրաֆիքինգը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության բաժնի պետի տեղական Տիգրան Կիրակոսյանը։
«Կոնկրետ գործը քննվել է 2021 թվականին, իսկ դրան նախորդել են արդեն մեզ հայտնի 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Դրա հետևանքները անձը օգտագործելով մի խումբ անձանց ենթարկել է առցանց թրաֆիքինգի ու դատապարտվել 8 տարվա ազատազրկման։
Անձը սոցիալական ցանցերով կապ է հաստատել զոհերի հետ, պահանջել է որոշակի մերկ կամ կիսամերկ լուսանկարներ կամ տեսագրություններ՝ սպառնալիքներ հնչեցնելով։ Այդ եղանակով նա ստացել է իր պահանջած լուսանկարներն ու տեսագրությունը»,–ասաց նա։
Անդրադառնալով այլ երկրներում ՀՀ քաղաքացիների թրաֆիքինգի մասին, Կիրակոսյանն ասաց. «Արտերկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ թրաֆիքինգի դեպքերը վերջին տարիներին առավել նվազել են, դրանք եզակի են։ Կարող եմ առանձնացնել, ուրեմն, Ռուսաստանում շինարարության կամ գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցած դեպքերը և նաև Արաբական Միացյալ Էմիրություններում սեռական շահագործման դեպքերը, որոնք կատարվել են նախկին տարիներին։ Բայց վերջին տարիներին նվազում ենք նկատում»։