News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր` հունվարի 19-ին լրանում է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5 տարին: Նա Թուրքիայի ամենահայտնի հայերից մեկն էր ու թեեւ նրա հասցեին հնչած բազմաթիվ սպառնալիքներին, Դինքը միշտ մնում էր հանգիստ ու հավասարակշռված:

Հանդես գալով մի շարք ժողովրդավարական պլատֆորմներում ու հասարակական կազմակերպություններում, Դինքն ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտությունը, խոսում խոսքի ազատության, Թուրքիայում մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին: Նա հայերի ու թուրքերի միջեւ շատ կարեւոր քարոզիչ էր եւ հավատում էր, որ հայ համայնքը հնարավորություն կունենա Թուրքիայում ապրել ազատ եւ չենթարկվել պատմական ճնշումների:

2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքն սպանվել է Ստամբուլում, իր խմբագրած «Ակոս» թերթի խմբագրատան շենքի դիմաց: Մինչ սպանությունը նա իր հրապարակումներում հայտնում էր, որ իր հասցեին սպառնալիքները հաճախակի են դարձել: Բացի այդ, նա բողոքում էր, թե ոստիկանությունը հրաժարվել է պաշտպանել իրեն՝ հնարավոր մահափորձից:

Դինքի սպանության գործը բացահայտելու համար միջազգային մի շարք կառույցներ բազմաթիվ անգամ կոչ են արել թուրքական իշխանություններին՝ ապահովել անաչառ քննություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010-ի սեպտեմբերին մեղավոր ճանաչեց Թուրքիային՝ Հրանտ Դինքին չպաշտպանելու համար, չնայած որ հետքննության ընթացքում պարզ էր դարձել, որ թե` ժանդարմերիան, թե` ոստիկանությունը տեղյակ են եղել նրա դեմ նախապատրաստվող սպանությանը։

Դինքի գործով սկսված շոու դատավարությունն ունեցավ ամոթալի ավարտ։ Այդպես է հայտնի չդարձան սպանության պատվիրատուները, չուսումնասիրվեցին դատարան ներկայացված մի շարք փաստեր եւ վկայություններ։ Հունվարի 17-ին տեղի ունեցած 25-րդ դատավարության ժամանակ, դատարանն ազատ արձակեց սպանության կազմակերպման մեջ գլխավոր կասկածյալներից Էրհան Թունջելին։ Դատարանը միայն դատապարտեց սպանության գործիք հանդիսացած Օգյուն Սամասթին՝ 22 տարի 10 ամիս ազատազրկման, իսկ սպանության ուղղորդման մեջ մեղադրվող Յասին Հայալին՝ ցմահ ազատազրկման։ Դատական շոուի զավեշտներից մեկն էլ այն էր, որ դատավճիռ կայացնելուց հետո հաջորդ օրը պարզվեց, որ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալներից 18-ի նկատմամբ է որոշում կայացվել։ Դատարանը մոռացել էր մի 19-րդ մեղադրյալի նկատմամբ որոշում կայացրել։

Թուրքիայում դատարանի այս որոշումն ընդունվեց մեծ դժգոհությամբ։ Դատարանի կողմից վճիռ կայացնելուց հետո դատարանի մոտ հավաքված հազարավոր մարդիկ սկսեցին բողոքել կայացված անարդար վճռի դեմ եւ երթով շարժվեցին դեպի «Ակոս»-ի խմբագրություն։

Դատավճռի հետ կապված Թուրքիայի մշակույթի նախարարը նշեց, թե այն վտանգավոր զարգացում էր։ Նախագահ Գյուլը շեշտեց, որ տեսնում է հասարակության դժգոհությունը, արդարադատության նախարարը փորձեց հանգստացել հասարակությանը՝ նշելով, թե դատական գործընթացը չի ավարտվել եւ դեռ կա բողոքարկման փուլ։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատեց վճիռը՝ ասելով, թե սա էր Էրդողանի արդարադատությունը։

Այսօր՝ հունվարի 19-ին, Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան 5-տարելիցի կապակցությամբ տեղի են ունենում սգո եւ բողոքի միջոցառումներ, որոնցում մասնակցում են թուրք հայտնի լրագրողներ, մտավորականներ, պատգամավորներ եւ այլոք։

Դինքի գործով դատավճռից դժգոհները փողոցներում վանկարկում են. «Մարդասպան պետությունից հաշիվ ենք պահանջելու», «Բոլորս հայ ենք», «Բոլորս Հրանտ Դինք ենք»։ Եվ ինչպես Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը նշեց դատավճռից հետո, Հրանտ Դինքի գործով դատը չի վերջացել, այն նոր է սկսվում։

Անդրանիկ Իսպիրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ