News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջին անգամ 2012 թ. անցկացվելու է անօդաչու թռչող սարքերի մրցույթ, որն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մրցույթի նպատակների եւ խնդիրների շուրջ զրուցեցինք կազմակեչրպչի` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:

Պրն. Վարդանյան, Հայաստանում առաջին անգամ անցկացվում է անօդաչու թռչող սարքերի մրցույթ: Ինչո՞ւմն է դրա անհրաժեշտությունը:

Տեխնոլոգիական զարգացումը բոլոր ոլորտներում գնում է դեպի ինքնակառավարվող սարքեր, իսկ հատկապես ավիացիայի ոլորտում շեշտադրումը դրվում է անօդաչու սարքերի վրա: Դա միայն ռազմական ուղղությունը չէ, սա ներառում է ճանապարհային ոստիկանության ճանապարհային մոնիտորինգից մինչեւ տիեզերական նկարահանումներ: Մենք պետք է ակտիվորեն մտնենք այդ ոլորտ, համոզված եմ, որ ապագայում հայկական արդյունաբերությունը լուրջ հաջողություններ կարձանագրի անօդաչու սարքերի կամ դրանց կոմպլեկտավորող մասերի արտադրության ոլորտում: Ամենակարեւորը` այսօր գտնվում ենք հակամարտության մեջ, եւ հակամարտող տարածաշրջանում, որտեղ անընդհատ պատերազմի վտանգ կա: Նախորդ 5 հազար տարիներին այդպես է եղել, հաջորդ 5 հազար տարիներին այդպես է լինելու: Ժամանակակից զինատեսակները պետք է մեր բանակին հասանելի լինեն: Պետք է ունենանք ունիկալ, հայկական դիզայնով, հայկական ինժեներական լուծումներով անօդաչու թռչող սարքեր: Ինչո՞ւ հայկական` որովհետեւ պատերազմական իրավիճակներում հայտնի չէ` արդյոք արտադրող երկիրը կշարունակի՞ մատակարարել անհրաժեշտ մասերը, սպասարկել այդ սարքերը: Մենք արդեն իսկ ունենք անօդաչու սարքերի արտադրություն, սակայն հարկավոր է զարգացնել այդ ճյուղը, կարելի է ստեղծել կործանիչ թռչող սարքեր, կամ ավելի թեթեւ խնդիրների համար: Հարկավոր է, որ մի քանի ընկերություն զբաղվի դրանով, որպեսզի նաեւ մրցակցություն լինի:

«Արմռոբոտիքսի» նախորդ մրցույթներում ռոբոտներից շատերը առաջադրանքը չեն կարողանում կատարել: Ի՞նչ երաշխիք, որ ավելի բարդ մրցույթում նրանք կկարողանան դա անել:

Հավանաբար` նկատի ունեք ական փնտրող ռոբոտների մրցույթը: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ ական փնտրողների մրցույթը մի շարք կոմպոնենտներով ավելի բարդ է: Այդ մրցույթում ռոբոտները շարժվում են գետնի վրայով, ու նավիգացիայի (տեղորոշման) համար չի կարող օգտագործել այնպիսի զարգացած սարք, ինչպես JPS համակարգը, այնինչ թռչող սարքը դա կարող է անել: Դրա շնորհիվ թռչող սարքը տարածքում ավելի հեշտ է կողմնորոշվում, քան ական փնտրող սարքը: Իսկ ական փնտրողների մրցույթում հիմնական խնդիրներն առաջանում են հենց տարածքում կողմնորոշվելու առումով: Օրինակ` եթե լազեր է կիրառվում, ապա տեղանքի անհարթության պատճառով լազերը կարող է ռոբոտին սխալ տեղեկություն տրամադրել, եթե կոմպաս է օգտագործվում, ապա դրան խանգարում է շինությունների մետաղական կմախքը, եթե ռադիոնավիգացիա է օգտագործվում, ապա շենքում գտնվող WiFi-ը կամ մյուս ռադիոմիջոցները խափանում կարող են առաջացնել: Այդ պատճառով չեմ կարծում, որ ական փնտրելն ավելի պարզ մրցույթ է, թեեւ կան տարբերություններ:

Մենք չենք դադարեցնելու պարզ մրցույթները, որոնք նախատեսված են դպրոցականների եւ ուսանողների համար, զուգահեռ փորձում ենք անցկացնել բարդ մրցույթներ: Մեր նպատակն է` ի հայտ բերել այն մարդկանց, որոնք ունակ են բարդ ինժեներեկան լուծումներ ստեղծել: Մրցույթն ինքնին զարգացնում է այդ ունակությունը: Մրցույթներով փորձում ենք նման մարդկանց կրիտիկական զանգված եւ միջավայր ստեղծել:

Հավանաբար անօդաչու թռչող սարք պատրաստելն ավելի ծախսատար է, քան ական փնտրող ռոբոտը: Դա խոչընդոտ չէ՞ թիմերի համար:

Գրեթե 2 անգամ ավելի թանկ է ստացվում, բայց այս մրցույթում մեր աջակցությունն ավելի մեծ է: Գրանցված թիմերը պետք է ներկայացնեն կոնցեպցիաները, ու եթե ժյուրին հավանության է արժանացնում` լավագույն կոնցեպցիաներին աջակցում ենք: Դա չի նշանակում, որ հավանության չարժանացած կոնցեպցիան չի կարող մասնակցել մրցույթին: Եթե ինքնուրույն նախապատրաստված թիմերը լավ արդյունք ցույց տան, նրանց ծախսերի մի մասը կհատուցենք: Մենք հիմնականում օգնում ենք կարեւոր մասերով, որոնք խանութից չես կարող գնել:

Իսկ ո՞րն է լինելու առաջադրանքը:

Նախ նշեմ, որ որեւէ սահմանափակում չկա թռչող սարքի տեսակի առումով: Սարքը կարող է թռչել ինքնուրույն կամ հեռակառավարմամբ, կարող է լինել ուղղաթիռի նմանակ կամ դիրիժաբլ` ցանկացած թռչող սարք ընդունելի է:

Մրցութային տարածքը լինելու է 2 հա, որի կոորդինատները կտրամադրվեն: Սարքը պետք է գտնի տարածքի կենտրոնը, որտեղ սպիտակ ֆոնի վրա գրված կլինեն մյուս կոորդինատները: Պետք է կարդա այդ կոորդինատները, ու ուղեւորվի այդ ուղղությամբ ու տեղ հասնելով` պետք է այդ կոորդինատի վրա գցի 200-300 գրամանոց առարկա: Առարկայի գցելը 2 նպատակ ունի: Առաջին` որոշակի ավտոմատիզացիայի լուծումներ պետք է կիրառված լինեն, երկրորդ` ապահովել դիտարժանություն:

Ական փնտրող ռոբոտների թիմը 3 անդամ ուներ` մեխանիկ, էլեկտրոնիկայի մասնագետ եւ ծրագրավորող: Թռչող սարքեր պատրաստող թիմը քանի՞ անդամ պետք է ունենա:

Կարծում եմ` միջինը 7 հոգի պետք է լինի: Եւվ ավիամոդելիստների կարիք կա, եւ էլեկտրոնիկայի մասնագետների, եւ մեխանիկների, ծրագրավորողների: Հայտ ներկայացրած թիմերի մեջ արդեն իսկ փորձված ավիամոդելիստներ կան, փորձված ինժեներներ: Բացի այդ` օգնելու ենք թիմերին կոմպլեկտավորել: Օրինակ` եթե էլեկտրոնիկայի մասնագետը ցանկանում է մասնակցել մրցույթին, բայց գործընկեր չի գտնում, մենք ծանոթացնում ենք ավիամոդելիստի հետ եւ այլն:

 

Զրուցեց` Սամվել Ավագյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ