News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստամբուլ- Երեւան ավտոբուսի ուղեւորներից պահանջել են  2300 դոլար:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց  այդ չարաբաստիկ ավտոբուսի ուղեւորներից մեկը` համաձայնելով որոշ մանրամասներ ներկայացնել:

Զրուցակիցը նշեց, որ գտնվելով Ստամբուլում, որոշել է օգտվել հայկական փոխադրողի ծառայությունից, որի հայտարարությունը տեսել են ավտոբուսների կայանում: «Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն հենց հասանք Վրաստան,  վարորդները հայտարարեցին, թե չեն կարող շարունակել ճանապարհը»,- պատմեց զրուցակիցը` ընդգծելով, որ  մինչեւ վերջ էլ չի պարզվել, թե ինչն է եղել պատճառը:

«Մեզ ասացին, որ իրենց չեն վճարել, եւ նրանց ստացած գումարը բավարար չէ նույնիսկ վառելիքի համար: Սա այն դեպքում, երբ մենք  գնել էինք տոմսերը, մեզնից յուրաքնաչյուրը դեռ Ստամբուլում վճարել էր 60 դոլար: Վարորդները  հայտարարել են, որ նրանց չեն վճարել պահանջված գումարը: Արդյունքում ամեն ինչ արվեց, որպեսզի ուղեւորները հավաքեին եւ նրանց վճարեին մոտ 2300 դոլար»,- պատմեց տուժողը:

Երկար համոզելուց հետո վարորդները համաձայնել են հասնել Թբիլիսի, որտեղ հաջողվել է կապվել փոխադրող ընկերության ներկայացուցչի` ոմն Նառայի հետ: «Թբիլիսի հասնելուց երեք ժամ անց հայտնվեց այդ Նառան: Այնտեղ նրանք ինչ-որ բան պայմանավորվեցին, քննարկեցին,  եւ այս ամենը ` հինգ ժամ: Նրանք ինչ-ինչ խնդիրներ ունեին իրար հետ, որն արդյունքում  թափվեց մեր գլխին»,-նկատեց զրուցակիցը:

Հարցին, թե ինչն էր խանգարում վերցնել ուղեբեռն ու ինքնուրույն հասնել Երեւան, տուժած ուղեւորը նշեց, որ բոլոր իրերը պահվում էին ավտոբուսի բեռնախցում: «Այնտեղ ուղեբեռը կապվում է կարմիր ժապավենով, եւ եթե որեւէ մեկը  համարձակվի Վրաստանի  տարածքում դրան ձեռք տալ, պետք է  5000 լարի (մոտ 3 հազ. դոլար) տուգանք վճարի: Մեզ թույլ չտվեցին դա անել, քանի դեռ մենք չէինք վճարի»,-ասաց նա:

Ղեկավարության եւ վարորդների բանակցություններից հետո  49 ուղեւորները հասցվել են անցակետ, որտեղ էլ տեղի իրավապահների  եւ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ  երկար քաշքշուկից հետո նրանց դուրս են բերել չեզոք գոտի` թույլ տալով վերցնել իրերը: Ուղեւորները սահմանին մեկ օր են անցկացրել:

«Կցանկանայի նշել, որ Հայաստանից Ստամբուլ մեկնել եմ թուրքական ընկերության ավտոբուսով, եւ ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր: Ինչ վերաբերում է հայկական փոխադրողին, ապա, այստեղ, կարծում եմ, ամեն ինչ պարզ է»,-եզրափակեց զրուցակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ