News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպման արդյունքում ընդունած հայտարարությունը հուսադրող է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` առանձնացնելով երկու կետ: 

«Դրական պետք է գնահատել բանակցային գործընթացը շարունակելու մասին դրույթը եւ այն, որ Ադրբեջանը կարծես թե միլիտարիստական դիրքորոշումից որոշակիորեն անցել է իրատեսականի», - նկատեց պատգամավորը:

Մկրտիչ Մինասյանը նաեւ նշեց, որ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման  մեխանիզմի վերաբերյալ կետը հիմք է տալիս ենթադրել, որ դիպուկահարների հետ քաշման հարցին ավելի մեծ ուշադրություն կդարձվի:

Մկրտիչ Մինասյանը նաեւ շեշտեց, որ անհրաժեշտ է զարգացնել հումանիտար շփումները.

«Սակայն տարիների փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանցիների հայտարարությունները տարբերվում են գործից: Մշակութային, հասարակական, գիտական, մարզական միջոցառումների ժամանակ ադրբեջանական կողմն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի բացառի կամ նվազագույնի հասցնի հայերի հետ շփումները: Հավանաբար Ալիեւ կրտսերը հասկացել է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժում այդպիսի մոտեցում եւ պահանջում է իրենից հրաժարվել դրանից, քանի որ հայտարարությունում հայտնվել է նաեւ այդ դրույթը: Կարծում եմ հայկական կողմը կաջակցի այդ նախաձեռնությանը», - նշեց պատգամավորը:

Նախագահի պաշտոնից Դմիտրի Մեդվեդեւի հեռանալուց հետո Ռուսաստանի միջնորդական առաքելությունում հնարավոր փոփոխության մասին Մկրտիչ Մինասյանը ասաց. «Ռուսաստանը կշարունակի միջնորդական դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, քանի որ դա բխում է իր շահերից: Սակայն ակնհայտ է, որ եթե Ռուսաստանում իշխանության գա գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը, ապա միջնորդության ձեւաչափը որոշակիորեն կփոխվի: Պուտինն աշխատանքի այլ ոճ ունի»:

Հիշեցնենք, որ Սարգսյանը, Մեդվեդեւն ու Ալիեւը հանդիպել են հունվարի 23-ին Սոչիում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: Հանդիպումը կայացել է Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր են գնահատել Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Ի զարգացումն 2011թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ի գիտություն են ընդունել համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման  մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը եւ հանձնարարել են  շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները հաստատել են, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջեւ հումանիտար շփումների զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ