News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մամուլի ազատության տարեկան վարկանիշային աղյուսակում, 2010-ի համեմատ Հայաստանը զգալի թռիչք է արձանագրել` 101-րդ տեղից հասնելով 77-րդին: Այդ մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այդուհանդերձ զեկույցի հեղինակները փաստում են, որ «Հայաստանի դիրքերի 24 հորիզոնականով բարելավումը թվում է թե նշանակալի առաջընթաց է, սակայն Հայաստանը փաստացի վերադարձել է այնտեղ, որտեղ գտնվում էր 2008 թվականի վիճելի ընտրություններից առաջ: ԶԼՄ-երը շարունակում են մնալ դատական հետապնդումների ճնշման տակ, օրենքով պահանջվող փոխհատուցման չափերը մտահոգիչ են»:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` հայկական ԶԼՄ-երում վիճակը կայունացել է 2008-ից հետո, սակայն դատական գործերն ու հետապնդումները շարունակում են միջամտության էական գործոն հանդիսանալ անկախ լրատվամիջոցների դեպքում:

Այնպիսի ընդդիմադիր լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Հայկական ժամանակ»-ը եւ «Հրապարակ»-ը, «Ա1+» հեռուստատեսությունը եւ «Ազատություն» ռադիոկայանը, որոնք հաճախ հարձակումների թիրախ էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, հիմա մի քիչ ավելի շատ ազատություն են վայելում, գտնում են ուսումնասիրության հեղինակները: Անկախ եւ ընդդիմադիր մամուլը գրախոսության ենթարկելու փորձերը շարունակվում են, սակայն ավելի քաղաքակիրթ ձեւով` դատական ճնշումների տեսքով:

Պահանջվող փոխհատուցումները հաճախ չեն համապատասխանում ներկայացված վնասի չափերին եւ հաճախ սպառնում են թիրախ դարձած թերթի ֆինանսական գոյությանը: Դատական գործերի մեծ մասը նախաձեռնում են քաղաքական գործիչները, որոնք ձգտում են պահպանել իրենց իմիջը: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ընտանիքը հաճախակի են հանդես գալիս որպես հայցվոր, նկատել է միջազգային կազմակերպությունը:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշային աղյուսակի, Հայաստանը միանշանակ առաջատարն է տարածաշրջանում: Վրաստանը, որ 2010-ին 100-երորդն էր, այս տարի 104-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 152-ից հայտնվել է 162-րդ տեղում:

Ադրբեջանում անցյալ տարի գրանցվել է ազատազրկումների քանակի ողբերգական աճ: Զեկույցում նշվում է, որ  Իլհամ Ալիեւի բռնակալական կառավարությունը չվարանեց ձերբակալել համացանցային հանրության ներկայացուցիչների` բլոգերների, առեւանգեց ընդդիմադիր լրագրողների եւ խոչընդոտեց  միջազգային լրագրողների աշխատանքին` անկարգությունների իրական պատկերը թաքցնելու համար:

Թուրքիան նահանջել է 10 հորիզոնականով: Զեկույցը նշում է, որ, չնայած խոստացված բարեփոխումներին, դատական համակարգը ձերբակալությունների ալիք է սկսել, ինչն աննախադեպ է Թուրքիայում ռազմական դիկտատուրայի տարիներից ի վեր:

Իրանը պահպանել է իր 175-րդ հորիզոնականը մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում:

Աշխարհի մամուլի ազատության ցուցիչում առաջատարներ են Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները: Հարկ է նշել, որ լավագույն 20-յակի մեջ են մտել նաեւ 2 աֆրիկական երկրներ` Կապե Վերդեն եւ Նամիբիան, որտեղ, ըստ կազմակերպության, 2011-ին ԶԼՄ-երի աշխատանքին խոչընդոտելու որեւէ փորձ չի արվել:

Միացյալ Նահանգները 2011-ին նույնպես 27 կետով նահանջ է գրանցել` կապված «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժումը լուսաբանող լրագրողների ազատազրկման դեպքերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ