News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարսելի փաստաբանների կոլեգիայի անդամ Ֆիլիպ Կրիկորյանը հունվարի 27-ին նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` խնդրելով անհապաղ հրապարակել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը, որը Սենատն ընդունել էր հունվարի  23-ին: Նա նշել է, որ օրենքի ընդդիմախոսներն անարդար կերպով փորձում են դիմել Սահմանադրական խորհուրդ, որի անաչառությունն այդ հարցում նա կասկածի տակ է առնում` բերելով մի քանի իրավաբանական փաստարկներ:

Փաստաբանը նշել է, որ խորհրդարանում օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն մի շարք դատական գործընթացների հետ կապված  հիշատակել է նաեւ Կրիկորյանի անունը` ավելացնելով, թե վերջինս եղել  է այդ օրինագծի ակունքներքում:  Ելնելով դրանից` Կրիկորյանն առաջարկել է այն կոչել Բուայե-Կրիկորյան օրենք:

Սակայն, փաստաբանի խոսքով, այդ նորածին օրենքի գոյությունը վտանգի տակ է. «Մոտ 25 ռեւանշիստ պատգամավորներ ցանկանում են խեղդել օրենքը` սպառնալով այն հանձնել Սահմանադրական խորհրդի քննությանը` այդպիսով պատմական ճշմարտությունը իրական քաղաքականության զոհ դարձնելով եւ ներկայացնելով հակասահմանադրականության վերաբերյալ կեղծ պահանջներ: Այդ պատգամավորների վերաբերմունքը վիրավորական է, ցնցող եւ անհանգստացնող»:

Հետո Կրիկորյանը մի շարք փաստարկներ է ներկայացնում հօգուտ օրենքի, իսկ վերջում կոչ է ուղղում Սարկոզիին. «Հարգելի նախագահ, վերոնշյալ պատճառներից ելնելով` խնդրում եմ անհապաղ հրապարակել  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող Բուայե-Կրիկորյան օրենքը»:

Հիշեցնենք, որ ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը Սենատի կողմից ընդունվել էր հունվարի 23 -ին: Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի` նախագահը պետք է հրապարկի այն 15-օրյա ժամկետում: Մինչ այդ, 60 պատգամավոր կարող է դիմել Սահմանադրական խորհուրդ` վիճարկելով օրենքի սահմանադրականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ