News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառել իր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցության հնարավորությունը:

Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում նշել է.

«Ես խորապես հավատում եմ, որ Հայաստանի համար ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը անսահման կարեւոր է։

Հայաստանը լրջագույն եւ խորքային բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ, որ երկրի բոլոր քաղաքացիներն են այդպես մտածում: Բարեփոխումներ ու փոփոխություններ կիրականացվեն, եթե նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի: Իսկ քաղաքական նոր հարաբերակցություն խորհրդարանում միայն ազատ եւ արդար ընտրությունները կարող են ապահովել:

Սա է իմ քաղաքական ներգրավվածության հիմնական դրդապատճառը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իմ ներգրավվածության մասին  խոսակցություններն անհիմն չեն: «Բարգավաճ Հայաստանի» հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ եւս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել եւ կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս:

Այսօր միաժամանակ ընթացքի մեջ են մի քանի գործընթացներ։ Առաջին՝ կուլիսների հետեւում ընթացող քննարկումներ տարբեր կուսակցությունների,  ներառյալ կոալիցիոն ուժերի միջեւ։ Երկրորդ՝ քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսակցությունների՝ հատկապես «Բարգավաճ Հայաստանի» վրա։ Երրորդ՝ նախընտրական այս փուլում արդեն վարչական ռեսուրսների օգտագործումը ընտրական գործընթացում շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով: Եվ վերջապես խորհրդարանի կազմավորման հարցում ամենակարեւորը՝ ընթացող քննարկումները մեծամասնական-համամասնական տարբերակների շուրջ»:

Ըստ Օսկանյանի, «Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Բայց դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն անզիջող կեցվածք է ընդունել: Հետեւաբար, ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են համամասնական մոտեցումը՝ «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» եւ այլք, այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլեւս ժամանակ չկորցնեն եւ այս ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման՝ կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ