News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կոմիքսների հայրենիք Միացյալ Նահանգներում Վարդանանց պատերազմի թեմայով նկարված կոմիքսները լավ արձագանք են գտել այս ժանրի սիրահարների շրջանում։ Հավատքի համար մղված առաջին պատերազմի պատմությունը կոմիքսներով ներկայացնելու գաղափարը պատկանում է Ռոջեր Կուպելյանին, ով Հայաստանում շատերին հայտնի է «Բյուզանդիայից արեւելք» կիսավարտ ֆիլմով (ըստ IMDB-ի՝ այն կավարտվի 2013թ.)։ Նշենք, որ Կուպելյանը Հոլիվուդում ամենահայտնի անիմացիոն-գրաֆիակական էֆեկտների մասնագետներից է, եւ 1996թ. սկսած աշխատել է գրեթե բոլոր հայտնի բլոքբասթերների ստեղծման աշխատանքում։ Նրա մասնակցությամբ է ստեղծվել «Սատանայի դատապաշտպանը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Մատանիների տիրակալը», «Կոնստանտին», «Տերմինատոր. Թող գա փրկիչը», «Իքս մարդիկ» ֆիլմերը։ Թեեւ զբաղվածությանը՝ Ռոջերը համաձայնեց պատասխանել NEWS.am-ի մի քանի հարցերին։

Ռոջեր, արդյոք այժմ նոր պրոյեկտի վրա՞ եք աշխատում, թե՞ զբաղված եք միայն «Բյուզանդիայից արեւելք»-ի աշխատանքով։

Ես այժմ աշխատում եմ նաեւ ուրիշ նախագծերի վրա, սակայն հիմնականում զբաղված եմ «Բյուզանդիայից Արեւելք» ֆիլմով, քանի որ շատ եմ ցանկանում արագ ավարտել այս նախագիծը։ Ամեն դեպքում հոլիվուդյան մի շարք նախագծերում էլ եմ ներգրավված՝ վիզուալ էֆեկտների արտադրությունում։ Չէ որ ես պետք է նաեւ գումար վաստակեմ։

Ինչպե՞ս հանգեցիք «Բյուզանդիայից արեւելքի» գաղափարին։ Կա՞ն ինչ-որ նոր գաղափարներ այս թեմայով, եւ ինչո՞ւ ցանկացաք Վարդանանց պատերազմի պատմությունը նաեւ կոմիքսներով ներկայացնել։

Վարդան Մամիկոնյանի եւ հանուն հավատքի մղած հայ ժողովրդի պայքարի պատմությունը իմ դաստիարակության մեջ մեծ տեղ է գրավել։ Դրա համար կարող եմ շնորհակալութուն հայտնել ծնողներիս։ Արդեն հասուն տարիքում մտածեցի կոմիքսներ նկարել այս թեմայով, եւ հենց եղավ այն կյանքի կոչեցի։ Այս նախագծի հեռուսատնախագծերի եւ կինոմատոգրաֆիական նախագծի հիմք են ծառայում կոմիքսները։

Մեր հիմնական նպատակն այն է, որ փոխանցենք այս պատմության հերոսական ոգին երիտասարդ ընթերցողին։ Հաջորդն այն էր, որ պատմությունը դուրս բերենք հայկական շրջանակից եւ մատուցենք այն միջազգային ընթերցողին, որպեսզի նրանք եւս գնահատեն այն (այս պատճառով եմ բավականին պարզեցրել նյութը եւ մեծ ուշադրություն եմ դարձրել վիզուալ էֆեկտների վրա)։ Ցանկանում եմ, մեր դարաշրջանի համար բացահայտել այս հերոսական պատմությունը, որպեսզի այն ուժի ու գաղափարների նոր աղբյուր դառնա:

Վերջերս համագործակցում էիք Սերժ Թանկյանի հետ։ Նկարազարդեցիք նրա բանաստեղծությունների նոր ժողովածուն։ Հետագայում եւս մտադի՞ր եք համատեղ նախագծեր իրականացնել Թանկյանի կամ մեկ ուրիշ հայազգի արտիստի հետ։

Այո։ Ես եւ Սերժ Թանկյանը այլ նախագծեր քննարկում ենք, բայց երկուսս էլ շատ զբաղված ենք ուրիշ նախածերի իրականացմամբ։ Երկուսս էլ մշտապես նոր գաղափարներ ունենում ենք։ Ես եւ Սերժը ԹՈՒՄՕ կենտրոնի խորհրդատվական մարմնի անդամ ենք։ Ինչ վերաբերում է մյուս հայազգի հանրահայտ մարդկանց հարցին, վստահ եմ, ապագայում ամեն ինչ տեսանելի կլինի։

Նշենք, որ Վարդանանց պատերազմի մասին Կուպելյանի հեղինակած կոմիքսների շարքը համակիրների մեծ «բանակ» ունի Միացյալ Նահանգներում, եւ հատկանշական է, որ նրանց զգալի մասը հայազգի չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ