News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր` հունվարի 31-ի առավոտյան, ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումը: Այս մասին France-Presse-ին հայտնել են Եվրոպական ժողովրդավարական եւ սոցիալական ժողով խմբակցությունից, որի ղեկավարը Ժակ Մեզարն է: Հենց նա է կանգնած Սահմանադրական խորհուրդ դիմելու նախաձեռնության հետեւում, գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը:

Ներկայումս հավաքվել է 72 սենատորի ստորագրություն, թեեւ Սահմանադրական խորհուրդ դիմելու համար անհրաժեշտ էր ընդամենը 60 ստորագրություն: Նրանց շարքում են Սենատի փոխնախագահ Բարիզա Կիարին (Սոցիալիստական խմբակցություն), սոցիալիստ սենատորներ Գաետան Գորսը եւ Դիդյե Բուլանը, Սենատի նախկին նախագահ Քրիստիան Պոնսելեն եւ Սահմանադրական օրենքների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Ժան Ժակ Իեստը (իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժում»):

Եվրոպական դեմոկրատական եւ սոցիալական խորհրդի (RDSE) գրեթե բոլոր սենատորները, այդ թվում Ժան Պիեռ Շեվենեմանը եւ Ձախերի ռադիկալ կուսակցության (PRG) ղեկավար Ժան-Միշել Բեկը, ինչպես նաեւ Բնապահպանների խմբավորումը (այդ թվում դրա ղեկավար Ժան Վենսեն Պլասեն եւ Մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարի-Քրիստինա Բլանդեն) եւս ստորագրել են դիմումի տակ: Հանրապետական եւ Կենտրոնական միության (UCR) անդամներից ստորագրել են Ժակլին Գուրոն (Դեմոկրատական շարժում) եւ Ժան-Լեոնս Դյուպոսը` Սենատի փոխխոսնակը:

Նշենք, որ իշխող կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից առաջադրված օրինագիծը Սենատի կողմից ընդունվել է հունվարի 23-ին: 86 սենատորներ դեմ են քվեարկել, 126-ը` կողմ:

Սահմանադրական խորհուրդը կարող է գրաքննության ենթարկել օրենքը, որը համարում է հակասահմանադրական, եթե նրան դիմել են 60 պատգամավոր, 60 սենատոր, պետության ղեկավարը, Ազգային ժողովի կամ Սենատի նախագահը: Սահմանադրական խորհրդին դիմելը կասեցնում է օրենքի պրոմուլգացիայի գործընթացը:

Նշենք, որ Սահմանադրական խորհրդի գործառույթները որոշակիորեն նման են Սահմանդրական դատարանի գործառույթներին: Օրինակ, Խորհուրդը չի կարող չեղյալ հայտարարել գործող օրենքը: Այն կարող է միայն եզրակացություն ընդունել օրինագծի հակասահմանադրական լինելու մասին, այն դեպքում, եթե այն մշակման փուլում է, կամ էլ նոր է ընդունվել, բայց դեռ ուժի մեջ չի մտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ