News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը եւ Հայաստանն առանց Ռուսաստանի չեն կարող լուծել ղարաբաղյան հարցը: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին, ով ղեկավարում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ առաջադրել է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, եթե ինքը դառնա նախագահ, Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստվում է առաջարկել, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մտնեն Ռուսաստանի կազմի մեջ, ինչպես Անդրկովկասյան դաշնային շրջան: «Դաշնային շրջանի ղեկավարությունը բնակչության թվաքանակի պատճառով պետք է տրամադրվի Ադրբեջանին, ղեկավարի տեղակալները կարող են ընտրվել նաեւ հայերի կազմից»,-կարծում է Ժիրինովսկին: Եթե Ադրբեջանը եւ Հայաստանը չհամաձայնեն այդ առաջարկի հետ, ապա Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչպես ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, սպառնացել է նախագահի թեկնածուն:

Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի որոշումը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ դրան դրական է վերաբերում: Նրա խոսքով, Ռուսաստանում նման նախաձեռնություն չի արվում, քանի որ չեն ցանկանում բարկացնել Ադրբեջանին եւ Հայաստանին: «Ինչպես ցանկանում եք, այնպես էլ ապրեք: Դուք լավ էիք ապրում Խորհրդային Միության կազմում, բայց երբ դուրս եկաք դրա կազմից, սկսեցիք կռվել»,-հիշեցրել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միմիայն Ռուսաստանը: «Ես չեմ ցանկանում, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմ սկսվի: ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ֆրանսիան եւ մյուսները երբեք չեն կարող օգնել լուծելու խնդիրը: Մենք երբեք Հայաստանին մենակ չենք թողնի, քանի որ Թուրքիան անմիջականորեն սպառնում են մեզ: Ձեզ հայտնի է «Թուրքական 3-րդ դաշտային բանակի մասին»: Նրանք ցանկանում են նվաճել ամբողջ Կովկասը, Վորոնեժը, Վոլգոգրադը եւ Ռոստովը: Մենք չենք կարող թույլ տալ դա»,-ասել է Ժիրինովսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ