Հայաստանում որոշակի առաջընթաց կա Հայաստան- ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանում ստանձնած պարտավորությունների իրականացման մասով: Կան նաեւ չլուծված խնդիրներ։ Փորձաքարը կլինի մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունը։ Այս մասին նշվում է Հայաստանի մասով զեկույցի նախագծում, որը հունվարի30 –ին ներկայացրել է լեհ խորհրդրանական Թոմաշ Պյոտր Պորեբան Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հանձնաժողովում Հայաստանի զեկույցի հետ ներկայացվել է նաեւ Ադրբեջանին վերաբերող զեկույցի նախագիծը: Հաստատվելուց հետո փաստաղղթերը կփոխանցվեն Հերման Վան Ռոմպոյի նախագահած Եվրոպական խորհրդին, Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության արտաքին գործողության ծառայությանը` երկու երկրների հետ ասոցացման բանակցություններում կիրառելու համար։
Նշվում է, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական է գնահատել անցյալ տարվա մայիսին Հայաստանում հայտարարված համաներումը։ Նախագծում ասվում է, որ ասոցացման համաձայնագիրը ենթադրում է մարդու հիմնարար իրավունքների, քաղաքացիական հասարակարգի, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ անդադար պայքարի եւ մամուլի ազատության երաշխավորում։
Հանձնաժողովը Հայաստանին հորդորում է նպաստել օմբուդսմենի գրասենյակի աշխատանքին, ընդգծում է անկախ դատական համակարգի, քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու, հետաքննական լրագրության ապահով եւ բարենպաստ դաշտ ստեղծելու կարեւորությունը։ Հանձնաժողովը հորդորում է ապահովել տեղեկատվություն ստանալու եւ սոցիալական մեդիայից օգտվելու քաղաքացիների իրավունքը։
Բացի այդ, հանձնաժողովը Հայաստանին հորդորում է վավերացնել Միջազգային քրեական դատարանի պայմանագիրը։ Եվրոպացի օրենսդիրները նշել են, որ Հայաստանի տնտեսական իրական զարգացման համար անհրաժեշտ է, որ Թուրքիային դադարեցնի շրջափակումը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, հանձնաժողովոըւմ նշել են, որ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ստորագրվելիք փաստաթղթերը պետք է լիովին համապատասխանեն միջազգային օրենքներին, եւ Ադրբեջանի պարագայում այն վերաբերելու է Ադրբեջանի ամբողջ տարածքին։ «Մյուս կողմից, այդ օրինագծում Լեռնային Ղարաբաղի հիշատակում ընդհանրապես չկա», - ասել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։ Իսկ անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Պյոտր Պորեբան ասել է, որ հարկ է զգուշավորություն դրսեւորել, Եվրամիությունը չպետք է բացի «Պանդորայի արկղը», գիտակցելով, որ խնդրով ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է զբաղվում։