News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը նախորդ տարի գրանցվել են ինչպես նորածին երեխաների մահացության, այնպես էլ մեռելածնության դեպքեր: Կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մայրերի մահացության դեպքեր բաժանմունքում չեն գրանցվել, փոխարենը գրանցվել է մեռելածնության 17 դեպք. «Երբ կինը հիվանդանոց է եկել երեխան մահացած վիճակում»:

Արամ Ավալյանի փոխանցմամբ մահացած երեխաների մեջ հիմնականում արատավոր երեխաներն են ու վաղաժամ ծնվողները: «Ունենք անհաս վաղաժամ երեխաներ եւս: Նշված 17 դեպքից 12-ը վաղաժամ, անհաս ծնունդներ են, այսինքն  մինչեւ ծննդատուն մտնելը երեխան արդեն մոր օրգանիզմում մահացած է եղել»,-ասաց Վանաձորի ծննդատան բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը, հավելելով, որ կան նաեւ նորածիններ, որոնք կենդանի ծնվում են ու մահանում: Ըստ նրա նախորդ տարի գրանցվել է նման 9 դեպք , որից մեկը եղել է արատավոր երեխա, իսկ մնացած 8-ը` անհաս երեխաներ, որոնց քաշը կշռել է 600-1500 գրամ:

Ի դեպ, Արամ Ավալյանի փոխանցմամբ նորածինների  մահացությունների դեպքերի թիվն այսքանով չի սահմանափակվում. «Մենք էստեղ ավելի շատ մահացության դեպքեր կունենայինք, վաղաժամ ծնունդով մահեր շատ ենք ունենում, հիվանդ երեխաներ շատ ենք ունենում, ուղղակի մենք չենք պահում, որ էստեղ մահանան, դրա համար թիվը քիչ է, 9 հետծննդյան մահվան դեպքը նորածին երեխայի համար շատ քիչ թիվ է, բայց եթե պայման չունենալով պահենք այստեղ, մենք կարող ա 20-30 մահացության դեպք տանք»:

Հարցին, թե եթե հիվանդանոցը զինված լիներ անհրաժեշտ սարքավորումներով, արդյոք այս թվերը ավելի փո՞քր կլինեին, նա պատասխանեց, որ ինչպես մեռելածինների, այնպես էլ անհաս երեխաների դեպքում դժվար թե որեւէ բան փոխվեր, սակայն կյանքեր այդուհանդերձ կփրկվեին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ