News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Բաթումիում թուրքական մզկիթ կառուցելու հարցին միջամտել է Վրաստանի պատրիարքարանը, որը պահանջում է իրեն եւս ընդգրկել մշակութային հուշարձանների նորացման վերաբերյալ Թուրքիայի հետ տարվող բանակցություններում` որպես ամբողջ Վրաստանի եկեղեցիների եւ մենաստանների սեփականատեր:

«Մենք պահանջում ենք, որ մեզ եւս ընդգրկեք Թուրքիայում եւ Վրաստանում   եկեղեցիների եւ մենաստանների վերանորոգման բանակցություններին: Եթե առաջարկը այս կամ այն պատճառով անընդունելի է թուրքական կողմի համար, ապա մեզ համար էլ անընդունելի է Բաթումիում մզկիթի կառուցումը` Օշկին եւ Իշխանը փրկելու պատճառաբանությամբ», - ասվում է պատրիարքարանի հաղորդագրությունում:

Նման հայտարարության առիթ է դարձել վրացական լրատվամիջոցների տարածած լուրերն այն մասին, որ Բաթումիում մտադիր են նոր մզկիթ կառուցել եւ նորացնել Ախալցխայի հին մզկիթը:

Այս մասին հայտնի է դարձել հունվարի վերջին` Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլազ Ռուրուայի Թեւրքիա կատարած այցից հետո: Նախարարի այցի ընթացքում համաձայնության են եկել, որ Թուրքիայի տարածքում վրացական հուշարձանների` Իշխանի եւ Օշկայի վերականգնման փոխարեն Բաթումիում կկառուցվի նոր, իսկ Ախալցխայում`կվերակառուցվի հին մզկիթը:

Պատրիարքարանը Բաթումիում նոր մզկիթի կառուցման մասին Վրաստանի կառավարության որոշումն անվանում է «շատ խնդրահարույց»:  «Արդարացում չկա այն դիրքորոշմանը, որ դա արվում է Օշկիի եւ Իշխանի փրկության համար: Ըստ միջազգային չափանիշների` համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը թուրքական պետության պատասխանատվությունն է:

Վրաստանի իշխանությունները վրացական հուշարձանների պահպանման նպատակով պետք է դիմեին ՅՈՒՆԵՍԿՕ-ին», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ Բաթումիում թուրքական մզկիթի կառուցման մասին հաղորդագրությունն արդեն քաղաքի բնակիչների սուր բողոքն է հարուցել: «Ծառայիր Վրաստանին» շարժման առաջնորդ Մուրման Դումբաձեն խոստացել է բուլդոզերներով քանդել մզկիթը, եթե այն կառուցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ