Հայաստանում ձյան տեղումները կդադարեն փետրվարի 11-ի գիշերը, իսկ փետրվարի 11-ին ցերեկը ձյուն կտեղա միայն Սյունիքի մարզում:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, հավելելով, որ գործող ցիկլոնը հանրապետության տարածքում երեկոյան ժամերից արդեն կտեղափոխվի Կասպից ծով:
«Գիշերվա առաջին կեսին դեռեւս հանրապետության ողջ տարածքում տեղումները կպահպանվեն, իսկ գիշերվա երկրորդ կեսից տեղումները արեւմտյան շրջաններում կդադարեն, իսկ վաղը ցերեկը տեղումներ կլինեն միայն Սյունիքի մարզում:
Փետրվարի 12-ին հանրապետությունը գտնվելու է անտիցիկլոնի ազդեցության տակ եւ փետրվարի 12-13-ին, երկրի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ»,- ասաց նա:
Գ. Սուրենյանի ներկայացմամբ, Երեւանում եւս այսօր ցերեկը եւ գիշերվա առաջին կեսին ձյունը կշարունակվի: Գիշերվա երկրորդ կեսից տեղումները կդադարեն, փետրվարի 12-13-ին տեղումներ չեն լինի:
Ջերմաստիճանը Երեւանում այսօր էապես չի փոխվի, փետրվարի 12-ի գիշերը պարզեցման եւ հյուսիս-արեւմուտքից արկտիկական ցուրտ հոսքով պայմանավորված ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի 7-12 աստիճանով, իսկ փետրվարի 12-ի ցերեկը` 3-5 աստիճանով:
Նրա խոսքով, ձյան տեղումները Հայաստանի տարածքում, թեեւ շատ են, բայց նորմայի սահմաններում են: