News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ին մեղադրելու փոխարեն, ավելի լավ է «Ժառանգություն» խմբակցությունը մտածի, թե ինչու ամբողջ կազմով չի ներկայանում խորհրդարան: Այդ մասին այսօր` փետրվարի 10-ին, լրագրողներին հայտնել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Ազգային ժողովում տեղի ունեցած երեկվա միջադեպը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ի մի քանի պատգամավորներ քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Նման վարմունքը հարուցել է ընդդիմադիր ուժերի դժգոհությունը, որոնք կոշտ քննադատության են ենթարկել հանրապետական պատգամավորներին: Քվեարկության ժամանակ  «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, նկատելով խախտումը, հայտարարել է  «Այստեղ կան երկգլխանինե՞ր»:

Սահակյանի խոսքով, քննադատները պետք է հիշեն, որ նման արարքի դեպքում Ազգային ժողովի կանոնակարգը պատիժ չի նախատեսում: «Պետք չէ պատիժ պահանջել դրա համար, օրենքով դա նախատեսված չէ: Եթե պատգամավորը քվեարկել է գործընկերոջ փոխարեն, ապա մյուս պատգամավորները կարող են պահանջել չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները»,-ասել է պատգամավորը:

Լարիսա Ալավերդյանի հայտարարության կապակցությամբ, Գալուստ Սահակյանը հիշեցրել է կանոնադրության եւս մեկ հոդված` նիստերին անհարգելի բացակայության վերաբերյալ: «Եթե «Ժառանգության» ներկայացուցիչները խոսում էին այդ մասին, պետք էր հաշվի առնել, որ «Ժառանգությունը» ամբողջ կազմով չէր մասնակցում քվեարկությանը: Եթե պատգամավորը չի մասնակցում, նա պետք է տեղեկանք ներկայացնի բացակայության հարգելի պատճառի վերաբերյալ»,-նշել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:

Նշենք, որ խմբակցության յոթ պատգամավորներից նիստերին մեծամասամբ մասնակցում են չորսը, ընդ որում խմբակցության ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանը հազվադեպ է մասնակցում նիստերին: ՀՀԿ-ի 63 պատգամավորներից նիստերին մասնակցում են 15 – 20–ը, իսկ մշտապես ներկա են 8 – 10 հոգուց բաղկացած խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ