News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դեղերի պետական գնումներն իրականացվում են խախտումներով: Այսօր` փետրվարի 21-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը որոշեց վարույթ հարուցել 12 բուժհաստատությունների եւ դեղերի վաճառքով զբաղվող 15 ընկերությունների նկատմամբ`դեղերի պետական գնումների ընթացակարգերը խախտելու համար (մրցույթները  չեն անցկացվում կամ անցկացվում են ոչ պատշաչ կերպով): ՏՄՊՊՀ-ն գտնում է, որ պետական գնումների ընթացակարգերի խախտումները հանգեցնում են մրցակցության սահմանափակման:

Վարույթի ներքո հայտնվել են այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպես «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը, «Նորք» ինֆեցիոն հիվանդանոցը, «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնը, բուժհաստատություններ Վանաձորում, Կապանում, Հրազդանում, Արմավիրում, Դիլիջանում, Ալավերդիում, Մեծամորում, Սեւանում:

Վարույթ է հարուցված նաեւ դեղերի շուկայում մեծ դերակատարում ունեցող մատակարար կազմակերպությունների նկատմամբ` «Նատալի Ֆարմ», «Եվրոֆարմ», «Դելտա», «Մեդտեխսերվիս», «Ամիկուս» ու այլն:  

Մինչ վարույթ հարուցելը ՏՄՊՊՀ-ն իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն, ընդ որում` պետական գնումների համակարգում սա նմանատիպ առաջին նախաձեռնությունն է: Ընդգծենք` ուսումնասիրությունը վերաբերում է միայն այն գնումներին, որոնք պետական բյուջեի միջոցներով իրականացվում են անմիջապես բուժհաստատությունների կողմից, ու չի վերաբերում առողջապահության նախարարության աշխատակազմի կողմից իրականացվող գնումներին:

Այն որ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը լայնածավալ է, վկայում է այն փաստը, որ վերաբերել է 134 առողջապահական հաստատությունների եւ 314 մասնավոր ընկերությունների, ինչը գործնականում ներառում է ողջ դաշտը:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի` ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Նախ` բուժհաստատությունների մի մասը տարիներ շարունակ ընդհանրապես մրցույթ չի անցկացնում, իսկ մի մասն էլ` երբեմն հայտարարում է, երբեմն` ոչ: Իսկ դա նշանակում է, որ դեղորայքը ձեռք բերելիս բուժհիմնարկը համաձայնության է գալիս որեւէ կոնկրետ ընկերության հետ: Արդյունքում այդ մասնավոր ընկերությունները հնարավորություն են ստանում դեղորայքը իրացնել ավելի բարձր գնով: «Դեպքեր ունենք, երբ բուժհաստատության ղեկավարը հանդիսանում է այն ընկերութան հիմնադիրը, որից մշտապես ձեռք է բերում դեղորայք, ինչն արգելված է օրենքով»:- ասաց Ա. Շաբոյանը: Նրա տեղեկացմամբ` հաճախ նաեւ հայտարարված մրցույթները ձեւական բնույթ են կրում, քանի որ մշտապես նույն ընկերությունն է հաղթում: Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ բուժհաստատությունն առանց հիմնավորումների հրաժարվել է դեղ ձեռք բերել մրցույթում հաղթած ընկերությունից:

ՏՄՊՊՀ փորձագետ Մանուկ Միքայելյանը օրինակներ բերեց, թե ինչ վնաս է հասցվում պետությանը` մրցութային ընթացակարգերը խախտելու հետեւանքով: Այսպես` ցեֆտրիաքսոն դեղը կարելի է ձեռք բերել 200 դրամով, սակայն ձեռք է բերվել 1250 դրամով` մոտ 6 անգամ ավելի թանկ (խոսք է գնում լրիվ նույն դեղերի մասին` դոզան, արտադրողը, չափման միավորը նույնն են):

Խախտման հաջորդ տեսակը վերաբերում է պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերին (հաշմանդամներին, պատերազմի վետերաններին, սոցիալապես անապահով խմբերին): Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այս մարդկանց տրամադրվող դեղերի գները մոտ 20 %-ով գերազանցել են միջին մանրածախ գներին: Խախտումն իրականացվում է հետեւյալ մեխանիզմով. հիվանդը ստանում է դեղատոմս, որի հիման վրա ուղղորդվում է կոնկրետ դեղատուն:

Նշենք, որ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, ուստի Մ. Միքայելյանը չբացառեց, որ հետագայում կհայտնաբերվեն այլ խախտումներ եւս:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ