News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն առաջինը հայ մրցավարներից ստացավ A կարգի մրցավարի կարգ եւ Օլիմպիական խաղեր սպասարկելու իրավունք: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Դավիթ Խիթարյանի հետ:

Պարոն Խիթարյան, ի՞նչ է նշանակում A կարգի օլիմպիական մրցավար եւ ո՞վ կարող է ստանալ նման մրցավարական կարգ:

Ձյուդոյում մրցավարական կարգերը բաժանվում են հետեւյալ կերպ. գոյություն ունի միջազգային B կարգի մրցավար, ով աշխարհամասային մրցաշարեր է սպասարկում: Այս կարգի համար քննությունները ես հանձնել եմ 2001 թվականին: Հետագայում առնվազն չորս տարի միջազգային մրցումներ սպասարկելուց հետո իրավունք է տրվում քննություն հանձնել A կարգի մրցավարության համար, որը կոչվում է նաեւ օլիմպիական: Ընդհանուր առմամբ համակարգը բավականին բարդ է. Եվրոպայի երկրներից յուրաքանչյուրը իրավունք ունի ներկայացնելու մեկ թեկնածու, եւ բացի այդ, այդ թեկնածուն էլ պետք է հաստատվի միջազգային ֆեդերացիայում: Ընդ որում, ամեն տարի Եվրոպայից ներկայացվել էր 15 թեկնածու, որոնցից տասն էին թույլատրվել քննություններին, այդ թվում եւ ես` որպես ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչ: Քննությունները A կարգ ստանալու համար անցկացվում են տարբեր աշխարհամասերում, այս տարի որպես քննությունների վայր ընտրված էր Եվրոպան, մասնավորապես, Բուդապեշտը, որտեղ փետրվարի 11-ին եւ 12-ին անցկացվեց կանանց աշխարհի գավաթի խաղարկությունը: Այստեղ սպասարկելով գոտեմարտերը` յուրաքանչյուր մրցավար միաժամանակ նաեւ քննություն էր հանձնում, ու ես ուրախ եմ, որ պատվով ներկայացրի մեր հանրապետությունը` ստանալով օլիմպիական A կարգի մրցավարի կոչումը:

Բացի մրցավարությունից դուք նաեւ ակտիվ կապի մեջ եք մարզիկների հետ: Հիմա մեր մարզիկներից օլիմպիական ուղեգրերի են հավակնում Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը: Կարելի՞ է ասել, որ նրանք կմեկնեն Լոնդոն:

Միանշանակ մեկնելու են, քանի որ օլիմպիական ուղեգիրն ապահովված է այս երկու մարզիկների համար: Յուրաքանչյուր քաշային կարգում Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստանում օլիմպիական վարկանիշային ցուցակում 1-22-րդ տեղերում ընթացող մարզիկները: Նշեմ, որ ձյուդոյում կա վարկանիշային երկու ցուցակ` համաշխարհային եւ օլիմպիական: Օլիմպիական վարկանիշային ցուցակում յուրաքանչյուր պետությունից ներկայացված է մեկ մարզիկ, իսկ համաշխարհայինում մեկ երկիրը կարող է ներկայացված լինել, նույնիսկ, չորս ձյուդոիստներով: Այս պահի դրությամբ մեր մարզիկները օլիմպիական վարկանիշային ցուցակում մի փոքր նահանջեցին, քանի որ Փարիզում անցկացված մրցումներում Հովհաննես Դավթյանը զբաղեցրեց հինգերորդ տեղը, իսկ Արմեն Նազարյանը հավաքականի գլխավոր մարզչի որոշմամբ չմասնակցեց այդ մրցումներին: Դավթյանը 10-ից նահանջեց 13-րդ հորիզոնական, իսկ Նազարյանը 8-ից իջավ 12-րդ տեղը:

Առաջիկա մրցումներում անհաջողության դեպքում հնարավո՞ր է, որ մեր մարզիկներն այնքան նահանջեն, որ դուրս մնան օլիմպիական վարկանիշային տեղերից:

Փետրվարի 18-19-ին մեր ձյուդոիստները մասնակցեցին Դյուսելդորֆում անցկացված Գրան Պրի մրցաշարին ու ասեմ, որ անհաջող մասնակցեցին: Միայն Գայանե Հարությունյանը 48 կգ քաշային կարգում զբաղեցրեց հինգերորդ տեղը: Բայց, նույնիսկ, եթե մերոնք նման կերպ անհաջող հանդես գան նաեւ մյուս մրցումներեւմ, միեւնույնն է, մեր տղաները 22-ից դուրս չեն մնա: Սակայն նշեմ, որ մենք տղաների առջեւ առաջադրանք ենք դրել մտնել լավագույն ութնյակ, ինչը մեզ հնարավորություն կտա Օլիմպիական խաղերում վիճակահանության ժամանակ խուսափել ուժեղ ձյուդոիստների հետ նախնական գոտեմարտերում տատամի դուրս գալուց: Իսկ դա գործնականում ապահովում է ճանապարհը մինչեւ քառորդ եզրափակիչ: Իսկ այս փուլում էլ մեկ հաղթանակը համարյա մեդալ է ապահովում:

Ըստ ձեզ՝ մեր մարզիկները ունե՞ն լավագույն ութնյակում տեղ գրավելու հնարավորություն:

Կարծում եմ՝ ունեն: Արմեն Նազարյանը մինչեւ Փարիզի մրցաշարը ութերորդն էր, բայց մարզիչները թույլ չտվեցին նրան մասնակցել այդ մրցումներին: Իմ կարծիքով, Արմենը պետք է մասնակցեր, սակայն հավաքականի մարզիչը այլ կարծիքի էր` նշելով, որ Արմենը անձնական քաշի խնդիր ունի, ու ամեն մրցաշարից առաջ քաշ գցել նպաստավոր չէ: Ճիշտ էր, թե սխալ հավաքականի մարզիչը՝ ցույց կտա ժամանակը:

Մենք անընդհատ լսում ենք Հովհաննես Դավթյանի ու Արմեն Նազարյանի անունները: Առաջիկայում մեր հավաքականը նոր ձյուդոիստներով կարո՞ղ է աչքի ընկնել:

Անպայման: Մենք ունենք շատ հեռանկարային ձյուդոիստներ, ովքեր մոտ ապագայում կարող են հասնել մեծ հաջողությունների: Հակոբ Առաքելյանը, Արտյոմ Բաղդասարյանը, Գոռ Հարությունյանը արդեն երիտասարդների մրցումներում հասել են բավականին մեծ հաջողությունների, եւ հուսով եմ, որ մոտակա երկու տարիների ընթացքում այս տղաները Հովհաննեսի ու Արմենի կողքին կհասնեն լավ արդյունքների արդեն հեղինակավոր մրցումներում:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ